Հայկական Դավոս. Բիզնես ինովացիոն ֆորումի գլխավոր թեման թվային տնտեսության ստեղծումն է

Բիզնես ինովացիոն ֆորումն այս տարի հայ և արտասահմանցի մասնագետներին կհամախմբի Հայաստանում տնտեսության թվայնացման, նորարարական ռազմավարության մոտեցումների, գիտահետազոտական ենթակառուցվածքի զարգացման հարցերի շուրջ: Հինգերորդ անգամ անցկացվող միջոցառումը, որը կկայանա նոյեմբերի 10-11-ին Դիլիջանում, ավանդաբար իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ֆորումի հիմնական նպատակը ռազմավարական հարցերի շուրջ մասնագիտական քննարկումների հարթակ ստեղծելն է:

«Միությունն իր առջև խնդիր է դրել Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիական երկրի իմիջի վերականգնումը, հետևաբար կարիք կա մի հարթակի, որտեղ քննարկվում են դրան հասնելու ուղիները: Բարձր տեխնոլոգիական երկիր առանց տարբեր ոլորտներում համաձայնեցված քաղաքականության և հստակ նորարարական մոտեցման, հնարավոր չէ»,-ասաց Կարեն Վարդանյանը` հավելելով, որ այս միջոցառմանը հավաքվում են մարդիկ, ովքեր նախանձախնդիր են իր նշած նպատակի հարցում:

Հրավիրվում են նաև օտարերկրյա մասնագետներ, ուսումնասիրվում ու քննարկվում է միջազգային փորձը: Այս տարի ֆորումին կմասնակցեն մասնագետներ Գերմանիայից, Բելգիայից, Ռումինիայից: «Հույս ունենք, որ այն ի վերջո կդառնա հայկական Դավոս, իհարկե, մի քիչ ամպագոռգոռ է հնչում: Եթե Դավոսն ավելի շատ տնտեսական, ֆինանսական թեմաների ուղղվածության հարցեր է քննարկում, ապա սա կդառնա հարթակ նորարարությամբ հետաքրքրվողների համար, ինչու չէ նաև միջազգային ու ավելի ընդգրկուն բնույթ կստանա»,-նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրենը:

Ինչ վերաբերում է քննարկվող թեմաներին, ապա, ըստ Վարդանյանի, առաջնահերթ կխոսեն տնտեսության թվայնացման համար անհրաժեշտ տեղական արդյունաբերության ստեղծման, գիտահետազոտական ենթակառուցվածքի զարգացման, նորարարական ռազմավարության մոտեցումների, թվային անվտանգության խնդիրների վերաբերյալ: Կշոշափեն նաև հարցեր ինտելեկտուալ սեփականության համակարգի բարելավման ուղղությամբ, քանի որ, ըստ մեր զրուցակցի, այն լիովին չի ապահովում առկա պահանջները:

«Նորարարական ռազմավարության մեջ պետք է երևան այն ուղիները, թե ինչպես ստեղծենք մրցակցային ու նորարարական ուղեղ, քանի որ այն դաստիարակելը մշակութային խնդիր է: Բայց որքան էլ կողքի տարրերն ու ենթակառուցվածքները քննարկենք, համար մեկ հարցն այսօր մնում է կրթությունը: Բարձրագույն կրթության իմաստով տանուլ ենք տվել, այն չի ապահովում արդյունաբերության պահանջը հատկապես գիտահետազոտական աշխատանքների առումով: Մենք կարող ենք մեր գիտելիքներով ինչ-որ գործ բերել, բայց այն, կոպիտ ասած` ժամանակակից բանվորությունն է: Եթե ուզում ենք առաջին տեղերը գրավել, պետք է լուրջ գիտահետազոտական ներուժ ունենանք, իսկ այդ ներուժը պետք է ապահովեն համալսարանները: Կրթությունը պետք է լինի ուղղված գիտահետազոտականին, լինի ժամանակակից ու մարդկանց աշխատանքով ապահովող, ձգտում ու ուղղորդում տա դեպի գիտահետազոտական աշխատանք, որը չունենք»,-նշեց Կարեն Վարդանյանը:

Այս տարի Բիզնես Ինովացիոն Ֆորումի գլխավոր գործընկերն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում