Բաղդադում հայ-իրաքյան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Բաղդադի ալ-Մանսուր թատրոնում նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակի համերգը` նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին և հայ-իրաքյան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին։

Համերգին ներկա էին Իրաքի պետական, քաղաքական և հասարակական գործիչներ, Բաղդադում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ և իրաքահայ համայնքի անդամներ։

Ներկաներին ուղղված իր շնորհավորական խոսքում Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ներկայացնելով հայ-իրաքյան 25-ամյա դիվանագիտական հարաբերությունները, շեշտեց, որ այն ընդգրկում է քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ու սոցիալական համագարծակցության բոլոր ոլորտները։ Դեսպանը հավելեց, որ միայն ընթացիկ տարում լուրջ առաջընթաց է ապահովվել կապի և տեղեկատվության, զբոսաշրջության, առևտրի, կրության ու գիտության ոլորտներում, ինչպես նաև նոր մակարդակի է բարձրացել միջխորհրդարանական համագործակցությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Իրաքի կառավարության և արտաքին գործերի նախարարի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարարի ներկայացուցիչ Հուսեյն ալ-Խատիբը, ով բարձր գնահատեց առկա հարաբերությունների մակարդակը և քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը` ահաբեկչության դեմ պայքարում Իրաքին մշտապես աջակցելու համար։ Նա նաև ընդգծեց Իրաքում հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակի կատարմամբ հնչեցին Կոմիտասի մանրանվագները, Վարդ Մանուկյանի «Նվիրումը Սայաթ-Նովային» և Էդվարդ Միրզոյանի «Լարային քառյակ» ստեղծագործությունները։ Միջոցառումն ավարտվեց Արամ Խաչատրյանի «Գարուն Երևան» ստեղծագործությամբ։ Հանդիսատեսի կողմից միջոցառումն ընդունվեց մեծ ոգևորությամբ։

Երեկոյի ընթացքում հնչեցին նաև իրաքյան դասական երաժշտության մի քանի ստեղծագործություններ, որոնք կատարվեցին «Բաղդադ հնգյակի» կողմից։

Համերգն իր տեսակի մեջ եզակի էր Բաղդադի մշակութային կյանքում, քանի որ վերջին 14 տարիների ընթացքում նման միջոցառումներ և այլ երկրներից ժամանած արտիստների համերգներ տեղի չեն ունեցել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում