Կարող են որդիներիս դեմ հետաքննություն սկսել. Թուրքիայի վարչապետն արձագանքել է Paradise Papers-ի հրապարակմանը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն արձագանքել է Հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կողմից հրապարակված օֆշորային նոր բացահայտումների շրջանակում իր որդիների ներգրավվածության մասին հրապարակումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Նա հայտարարել է, որ իր որդիների նկատմամբ կարող են հետաքննություն սկսել, սակայն նրանց արարքներում որևէ քրեորեն դատապարտելի քայլ չի եղել:

«Երբ սկսում էի քաղաքականությամբ զբաղվել, երեխաներիս խորհուրդ տվեցի պետության հետ երբեք որևէ գործարքի մեջ չմտնել, չմոտենալ դրան: Ծովագնացությունը մի գործ է, որն ընդունված է աշխարհի բոլոր կողմերում: Այստեղ որևէ գաղտնի կողմ չկա»,- հայտարարել է Յըլդըրըմը:

Վարչապետն ընդգծել է, որ նմանօրինակ խոսակցություններ տարածվել էին նաև 2014 թվականի ընտրությունների ժամանակ: «Ես անձեռնմխելիություն ունեմ, սակայն երեխաներս չունեն: Նրանք նկատմամբ կարող են ցանկացած տեսակի հետաքննություն սկսել»,- ասել է Յըլդըրըմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում