Առաջիկա տարիներին Հայաստանում արևային կայանների ծավալը կմոտենա շուրջ 1 ԳՎտ-ի

Առաջիկա 5-6 տարիների ընթացքում Հայաստանում արևային կայանների ծավալը կմոտենա շուրջ 1 ԳՎտ-ի: Հայաստանում ամենամեծ՝ 1 ՄՎտ հզորությամբ «Թալին-1» արևային կայանի բացման ընթացքում լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց «Արփի Սոլար» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Չոբանյանը։ Նրա խոսքով, Հայաստանի արևն ու բնությունը մեծ առավելություն են արևային կայաններ ստեղծելու համար: Ըստ Չոբանյանի, արևային կայաններ հնարավոր է ստեղծել շատ կարճ ժամանակում։ Օրինակ, «Թալին-1» արևային կայանի ինժեներական աշխատանքներն իրականացվել են 20 օրվա ընթացքում։

«Արևային էներգետիկայի զարգացումը Հայաստանում այլընտրանք չունի, աշխարհում այն համարվում է էներգիայի ամենաէժան աղբյուրներից մեկը, Հայաստանում՝ առավել ևս, քանի որ ունենք արևային հզոր ռադիացիա և մեծ քանակությամբ արևային օրեր։ Հնարավորություններն անսահմանափակ են։ Մի քանի տարի հետո կունենանք այնպիսի լուծումներ, որ արդեն նպատակահարմար կլինի տեղադրել կուտակիչներ և արևային էներգիայից ստացված էներգիան օգտագործել նաև գիշերը։ Տարվա բոլոր եղանակներին կարող ենք էլեկտրաէներգիա ստանալ» ,- ասաց Հայկ Չոբանյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում արևային էներգետիկայի մեջ իրականացվող քաղաքականությունը բարենպաստ կլինի ներդրումային միջավայրի համար։

«Համոզված եմ, որ շուտով կհայտարարվի 1ՄՎտ կայանների հաջորդ շարքը, կհայտարարվի նաև սակագինը, կարծում եմ, որ ներդրողները հետաքրքրված կլինեն դրանով։ Այսօր 1 ԿՎտ էներգիայի վաճառքն իրականացվում է 42 դրամով՝ առանց ԱԱՀ-ի, ԱԱՀ-ով՝ 51 դրամ», – նշեց Հայկ Չոբանյանը՝ ավելացնելով, որ 1ՄՎտ հզորությամբ կայանը նախատեսված է միջինում 400 ընտանիքի համար։

Չոբանյանի համոզմամբ՝ Հայաստանի հնարավորությունները շատ ավելի մեծ են և առաջիկա տարիներին մի քանի հարյուր ԳՎտ ներդրման հնարավորություն կլինի։

«Թալին-1» 1ՄՎտ հզորությամբ արևային կայան ստեղծելու ծրագիրը գնահատվում է 1 մլն դոլար։

Նշված կայանի բացմանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախագիծն իրականացվել է հայաստանցի ներդրողների խմբի (Էդուարդ Մարության, Արայիկ Կարապետյան, Զավեն Սարգսյան, Հայկ Չոբանյան) միջոցներով և «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրի շրջանակում համաֆինանսավորվել է Գերմանահայկական հիմնադրամի և KFW բանկի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում