Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վեպը տպագրվել է ռումիներեն

Անցյալ շաբաթ Ռումինիայի Հայոց Միության «Արարատ» հրատարակչությունը լույս է ընծայել Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» հայտնի վեպը ռումիներեն թարգմանությամբ/Vahan Totovenţ, Viaţa pe vechiul drum roman, Editura Ararat, 2017, 159 էջ: Թարգմանությունը կատարել է ռումինահայ ճանաչված լրագրող, գրող եւ թարգմանիչ, Ռումինիայի եւ Հայաստանի Գրողների Միության անդամ Մադլեն Գարագաշյանը/Madeleine Karacașian: Տիկին Գարագաշյանը ծնվել է 1934թ. Ռումինիայի Կրայովա քաղաքում, գաղթականի ընտանիքում: Ստացել է երաժշտական կրթություն, երկար տարիներ աշխատակցել է Ռումինական ռադիոյի տարբեր ծրագրերին, ռումինական տասնյակ թերթերին եւ հանդեսներին`բազմիցս անդրադառնալով նաեւ հայկական մշակույթին եւ նրա մեծերին, Հայաստան կատարած իր ուղեւորություններին: Զուգահեռ աշխատել է նաեւ Բուխարեստի «Ararat» եւ «Նոր Կյանք» շաբաթաթերթի խմբագրությունում, թղթակցել «Հայրենիքի ձայնին»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մադլեն Գարագաշյանն սկսել է թարգմանությունների կատարել 1982թ., հայերեն, ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներից: Հայ գրականությունից նա թարգմանել է Ալեքսանդր Շիրվանզադեի, Ավետիք Իսահակյանի, Մետաքսեի, Կարինե Խոդիկյանի, Դավիթ Մուրադյանի, Ալեքսանդր Թոփչյանի, Էլդա Գրինի գործերը, ինչպես նաեւ «Հայ ժամանակակից արձակի անթոլոգիայի» համար տասից ավելի այլ հեղինակների: Ֆրանսերենից նա թարգմանել է Հակոբ Խաչիկյանի եւ Ժան-Իվ Սուսիի «Ամառ առանց այգաբացի», Հակոբ Խաչիկյանի «Ճակատագրի ափերը» վեպերը, ինչպես նաեւ Ռիշար Բալդուչիի «Շառլ Ազնավուր. Պոհեմի մը զավակի խոստովանությունները» գործը:

Վերջին քառորդ դարի ընթացքում հայ հեղինակների, մասնավորապես Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի, Պարույր Սեւակի, Վարդգես Պետրոսյանի, Աղասի Այվազյանի, Վանո Սիրադեղյանի, Գրիգոր Բաբայանի գործերը ռումիներեն թարգմանել են Սարգիս Սելյանը, Մելինե Փոլադյանը եւ Արփիար Սահակյանը: Հայ ժողովրդական տաղերը ֆրանսերենից ռումիներեն է թարգմանել բանաստեղծուհի Անահիս Ներսեսյանը:

Այս թարգմանությունների շնորհիվ հայ գրականությունը որոշ չափով հասանելի է դարձել ռումին ընթերցողին: Իսկ ահա ռումինական հարուստ գրականությունը, որը հատկապես ծաղկման է հասել 19-20-րդ դարերում, հատուկենտ թարգմանություններից բացի, անծանոթ է մնում հայ ընթերցողին: Հակոբ Սիրունին ժամանակին, 1939թ. թարգմանել է ռումին ազգային բանաստեղծ Միհայ Էմինեսկուի բանաստեղծությունների հատորյակը, իսկ 2012թ. Սարգիս Սելյանը հայերենի է վերածել Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը:

Արդի ռումինական գրականության ճանաչված դեմքերից են վիպագիրներ Շտեֆան Հակոբյանը եւ Վարուժան Ոսկանյանը, ինչպես նաեւ գրող-հրապարակախոսներ Պետրոս Խորասանջյանը եւ Վարդան Առաքելյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում