Ծիծեռնակաբերդում Մոլդովայի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով նոյեմբերի 9-ին Հայաստան ժամանած Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կնոջ՝ Գալինա Դոդոնի հետ միասին այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մոլդովայի նախագահին եւ առաջին տիկնոջն ուղեկցում էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մոլդովայի նախագահը, ծաղկեպսակ դնելով հուշահամալիրի, ապա ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ, հարգեց 20-րդ դարասկզբի մեծագույն ոճիրի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Այնուհետեւ Իգոր Դոդոնն այցելեց Հայոց ցեղաասպանության թանգարան, ծանոթացավ ցուցանմուշներին, իսկ թանգարանի հուշամատյանում գրառում կատարեց, որտեղ, մասնավորապես, ասված է.

«Ինձ վրա խորը տպավորություն և իմ հոգում անջնջելի հետք թողեցին պատմական փաստաթղթերը, լուսանկարները և ողբերգական դեպքերի ականատեսների վկայությունները, որոնք ավելի քան 100 տարի առաջ բաժին հասան հայ ժողովրդի: Դրանք պահվում են թանգարանում, ինչպես նաև յուրաքանչյուր հայի սրտում: Սրտանց և անկեղծորեն հայ ազգին մաղթում եմ խաղաղություն, բարություն, համերաշխություն և բարկեցություն»:

Թանգարանին կից պուրակում նախագահը տնկեց խորհրդանշական եղևնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում