Տարկետում լինելու է, և օրենքի նախագիծը հենց դրա մասին է

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի հետ կապված ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընթացիկ տարվա ապրիլ ամսից հանդիպել է բոլոր շահագրգիռ կողմերի՝ մտավորականության, ուսանողների, ԶԼՄ-ների և այլ շերտերի հետ: Այդ մասին Սարգսյանը նշեց կառավարությունում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ վերը նշված օրինագծի դեմ հանդես եկող ուսանողների հետ հանդիպմանը: Մանրամասն նկարագրվել են օրենքի բոլոր կետերը: Ըստ նախարարի, օրինագծի շուրջ կազմակերպվել են մարզային քննարկումներ, ստացվել է 1000-ից ավելի առաջարկ: «Վստահեցնում եմ, նման փորձ, որ օրինագիծն այսքան մանրամասն քննարկվի, չենք ունեցել: Տարկետում անպայման լինելու է, և օրենքի նախագիծը հենց դրա մասին է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

«Ես վստահ չեմ՝ դուք օրենքի նախագիծն ամբողջությամբ կարդացե՞լ եք, թե՞ ոչ: Հուսով եմ, որ կարդացել եք, որովհետեւ դուք ձեր վրա վերցնում եք պատասխանատվություն հասարակությանն իրազեկելու և մոբիլիզացնելու այդ օրենքի շուրջ, իսկ դա իր հետ բեռ է կրում»,- ասաց նա: Վիգեն Սարգսյանը նկատեց, որ Հայաստանի անկախության 25 տարվա ընթացքում պետությունը և նրա ամենակարծր կառույցը՝ բանակն առաջին անգամ քաղաքացուն 4 այլընտրանք է առաջարկում, և եթե ուսանողները գտնում են, որ կա կատեգորիա, որը պետք է բանակում չծառայի, ապա ինքը դեմ է այդ մտքին: «Այդ 4 ընտրությունները և ծախս են, և բեռ, բայց դրանք խորը մտածված առաջարկություններ են, որոնք ուղղված են երկիրն առաջ տանելուն, այլ ոչ թե մարդկային ռեսուրսն ավելացնելուն, դրա համար կան շատ կանոններ: Մենք դրա փոխարեն մոտ 500 տեղ հատկացնում ենք տարեկետմանն՝ այն ուսանողների համար, ովքեր 18 տարեկանում որոշում են գնալ բանակ՝ որպես սպա, այլ ոչ թե որպես շարքային: Եթե դուք ելնում եք նրանից, որ կա կատեգորիա, որը պետք է չծառայի, ապա ես դրա հետ սկզբունքորեն համաձայն չեմ ու որևէ ցույց, դասադուլ ինձ հակառակի մեջ չի համոզի»,– ընդգծեց Վիգեն Սարգսյանը:

Նախարարը համարում է, որ պետության ճկունությունն ու բանակի արդյունավետությունը պետք է լինի նրա մեջ, որ վերջինս կարողանա նայել քաղաքացու աչքերի մեջ ու ասել՝ դու ընտրիր, ինչպես ես ցանկանում ծառայել:

«Այսօր մենք բանակն արդիականացնելու խնդիրն ենք փորձում լուծել, մշակում ենք 7-ամյա ծրագիրը, եթե դա չանի երիտասարդ գիտնականը, ապա ո՞վ պետք է անի: Սա է այս օրենքի տրամաբանությունը: Այն, թե մարդը լուրջ գիտնական է ցանկանում դառնալ 18 տարեկանից, պետք է 9 տարի չծառայի, որովհետև նրա կրթությունը պետք է լինի անընդհատ, ես դրա հետ համաձայն չեմ»,– շեշտեց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում