Խոհանոց ունեցող բեռնատարներ, ռեանոմոբիլներ. Հայաստանում նոր արտադրություն են հիմնում

Խոհանոց ունեցող բեռնատարներ, ռեանոմոբիլներ. Հայաստանում նոր արտադրություն են հիմնում

Հայաստանում նորարարական տեխնոլոգիաներով բազմաֆունկցիոնալ բեռնատար ավտոմեքենաների արտադրություն սկսել պատրաստվող «ԱԱ Թրաքս» ընկերությունն այս պահին նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում` նախաարտադրական պրոցեսը սկսելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «ԱԱ Թրաքս» ընկերության տնօրեն Արմեն Գագիկյանը:

«Մենք այս պահին նախապատրաստական աշխատանքների փուլում ենք: Արտադրությունը սկսելու, մեքենաների հավաքման համար անհրաժեշտ դետալները և սարքավորումներն ենք ներկրում Հայաստան: Նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո արդեն կսկսենք նախաարտադրական պրոցեսը»,- ընդգծեց Գագիկյանը:

Նա դժվարացավ պատասխանել հարցին, թե երբ հնարավոր կլինի սկսել բեռնատարների արտադրությունը` ընդգծելով, որ սովորաբար նախապատրաստական աշխատանքները երկարատև գործընթաց են: «Այս պահին հստակ ժամկետներ չեմ կարող նշել, քանի որ երկարատև գործընթացի մեջ ենք»,- ասաց ընկերության տնօրենը:

Արմեն Գագիկյանը մանրամասնեց, որ իրենք արտադրելու են մի քանի տեսակի բազմաֆունկցիոնալ բեռնատարներ: «Արտադրելու ենք բեռնատարներ, որոնք ունենալու են, օրինակ, սառնարան, խոհանոց, կարող է լինել նաև հիվանդանոցային որոշ ծառայություններ մատուցող ռեանոմոբիլներ, նաև ոստիկանական բեռնատարներ, տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած բեռնատարներ»,- մանրամասնեց նա:

Արմեն Գագիկանը նաև մանրամասնեց, որ իրենք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը ներկայացրել են իրենց 5-ամյա գործունեության ծրագիրը և նկատեց` եթե ամեն ինչ ընթանա իրենց ծրագրով, գործունեության առաջին 5 տարիների ընթացքում կունենան 1000-ից ավելի աշխատատեղ:

Կառավարության որոշմամբ «ԱԱ Թրաքս» ՍՊԸ-ին տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: «ԱԱ Թրաքս» ընկերությունը ծրագիրը կյանքի կոչելու համար 40 միլիոն դոլարի ներդրում կիրականացնի: Նախատեսված է, որ արտահանման ծավալները ծրագրի 5-րդ տարում կկազմեն 25 մլն դոլար: Արտահանման ուղղություններն են՝ ԵԱՏՄ երկրներ, Իրան, Վրաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի երկրներ: Առաջին երկու տարում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 150 000 դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝ 1000-ից ավելի նոր աշխատատեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում