Երևանից դեպի Սյունիք՝ հանուն մարզի զարգացման. Հարցազրույց՝ Սյունիքի զարգացման ու ներդրման հիմնադրամի տնօրենի հետ

Երևանից դեպի Սյունիք՝ հանուն մարզի զարգացման. Հարցազրույց՝ Սյունիքի զարգացման ու ներդրման հիմնադրամի տնօրենի հետ

Սյունիքի Զարգացման և ներդրման հիմնադրամը, որը գործում է մեկ տարուց ավելի, արդեն մի շարք խոշոր ծրագրեր է իրականացրել։ Հիմնադրամի գործունեության ու առաջիկա ծրագրերի մասին Aysor.am-ը զրուցել է հիմնադրամի տնօրեն Զինավոր Մեղրյանի հետ։

– Դուք Սյունիքի զարգացման ու ներդրման հիմնադրամի նոր տնօրենն եք։ Ինչպե՞ս եք անելու, որ հիմնադրամն արդարացնի սպասելիքները։

– Նախ պետք է ասեմ, որ հիմնադրամի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար պարտադիր ներքին և արտաքին բաղկացուցիչները առկա են՝ քաղաքական կամքի և բավարար միջոցների առկայությունը։ Եվ պատահական չէ, որ հիմնադրամի խորհրդում են Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պալասկովը։ Նկատի ունեմ, որ սպասելիքները արդարացնելու համար օբյեկտիվ նախապայմանները ապահովված են։ Նախորդ տասն ամիսներին հիմնադրամը շեշտը դրել է սոցիալական ծրագրերի վրա՝ միաժամանակ սկիզբ տալով որոշ տնտեսական ձեռնարկների։ Միայն սոցիալական աջակցության մասով իրականացվել է շուրջ երեք հարյուր միլիոն դրամի աջակցություն, իսկ խոշոր ծրագրերից կարելի է նշել Կապանի օդանավակայանի գործարկման ծրագիրը, Կապանում միջազգային չափանիշներին համապատասխանող կինոթատրոնի ստեղծումը, տեքստիլի արտադրության գործարանի հիմնումը և այլն։

Ես, որպես հիմնադրամի նոր տնօրեն, նախատեսում եմ շեշտադրումների փոխատեղում կատարել. հաջորդ տարվանից հիմնադրամի գործունեությունը հիմնականում ուղղված է լինելու բիզնեսի ոլորտում ներդրումներ կատարելուն, որից էլ առաջացած եկամուտները պետք է ներդրվի մարզի կայուն զարգացման համար։ Այդ ուղղությամբ անելու եմ ամեն ինչ, վստահ եմ արդյունքները երկար սպասեցնել չեն տա։

– Ո՞րն է հիմնադրամի գլխավոր նպատակը, ինչպիսի՞ քաղաքականություն եք որդեգրելու։

– Այս պահին իմ, որպես հիմնադրամի տնօրենի, գլխավոր խնդիրներից է Սյունիքի մարզի բիզնես պոտենցիալի «գույքագրումը»։ Նոր ծրագրերի մասին կարող ենք խոսել, երբ ոլորտի պատշաճ ուսումնասիրությունը ավարտվի։

– Հայաստանի ու, ընդհանրապես, ո՞ր զարգացման հիմնադրամների հետ եք աշխատում, փորձով փոխանակվում։

– Սյունիքի զարգացման հիմնադրամը ստեղծվել է ՀՀ Կառավարության կողմից, ուստի Հայաստանում գործող հիմնադրամների հետ աշխատանքները ի սկզբանե կանխորոշված են և վստահ եմ, որ այն գնալով ավելի համակարգային է դառնալու։

– Ներդրումներից կուզեի խոսեիք։ Ավելի շատ ներդրումնե՞ր, թե՞ զարգացում։

– Նկատի ունենալով իմ աշխատանքային փորձառությունը, մասնավորապես, ներդրողների հետ աշխատանքը, վստահ կարող եմ ասել, որ այս երկու երևույթները պայմանավորում են մեկը մյուսին։ Եվ հավատացեք, խոսքը չի գնում անպայման ֆինանսական ներդրման մասին։ Եթե դիտարկենք, որ ներդրումը դա աշխատանքն է, իսկ արդյունքը` զարգացումը, ապա առանց աշխատանքի արդյունք չի լինում և հակառակը։

– Դուք թողեցիք Երևանը և գնացիք Սյունիք։ Հե՞շտ տրվեց ձեզ այդ որոշումը, ինչը գրավեց ձեզ Սյունիքում։

– Ես ծագումով լեռնային բնաշխարհ ունեցող վայրից եմ և այս իմաստով Սյունիքը ինձ համար հոգեհարազատ է՝ մանկություն տանող։ Որոշման համար առանցքային էր առաջարկողի գործոնը։ Ես Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին ճանաչում եմ երկար տարիներ և ինձ համար որոշիչ էր նրա հետ աշխատելու և արդյունքներ գրանցելու հեռանկարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում