Կոչումով օդերևութաբանը. Գագիկ Սուրենյան

Կոչումով օդերևութաբանը. Գագիկ Սուրենյան

Առաջին կուրսից ԱԻՆ հիդրոմետ ծառայությունում` որպես առաջին կարգի մասնագետ, աշխատանքի անցած Գագիկ Սուրենյանը չէր մտածում, որ մի օր կնշանակվի ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ, բայց դրա համար նախադրյալներ կային դեռ դպրոցական տարիներից: 6-րդ դասարանից մթնոլորտային երևույթներն ու աշխարհագրությունն այնքան էին գրավել Գագիկ Սուրենյանին, որ օդերևութաբանության մասին գրքերը դարձել էին նրա անբաժան ընկերները: Ապագա օդերևութաբանի մասնագիտական կողմնորոշման հիմքերը դրվել են հենց այդ ժամանակվանից, իսկ որպես մասնագետ` կայացել տեսական գիտելիքներն առաջին անգամ գործնականում ամրապնդելու հնարավորություն ընձեռած հիդրոմետ ծառայությունում:

Արդեն յոթ տարի ԵՊՀ-ում դասավանդող Գ.Սուրենյանը նման հնարավորություն է ընձեռել նաև իր ուսանողներին: «ԵՊՀ-ում կադրեր ենք պատրաստում, բայց որակյալ, ճշգրիտ կանխատեսումներ անելու համար տեսական գիտելիքները բավարար չեն: Իմ ուսանողների մեծ մասը սովորելուց հետո աշխատանքի է անցնում հիդրոմետում, իսկ քանի դեռ չեն աշխատում, չեն կարող լավ մասնագետ կոչվել»,-վստահ է Գագիկ Սուրենյանը:

2017թ. հունվարից ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնը ղեկավարող Գագիկ Սուրենյանի աշխատանքային յուրաքանչյուր օր սկսվում է նախորդ օրվա օդերևութաբանական վիճակի վերլուծությամբ, որից հետո միայն անցնում է սինոպտիկական քարտեզների, արբանյակային լուսանկարների և առաջիկա օրերի եղանակային կանխատեսումների աղբյուրների ուսումնասիրությանը։ Տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի հետ առնչվող օդերևութաբանության առջև դրված խնդիրների մասին Սուրենյանը կարճ բնորոշում է տալիս` կանխատեսումներ անելը բարդ գործ է:

Բարդը բարդ է, բայց փաստը մնում է փաստ. հավաստիության աստիճանով Հայաստանում արվող օդերևութաբանական կանխատեսումները մոտ են զարգացած երկրներին: Գուցե հենց դրանով է պայմանավորված, որ հեռուստաընկերությունների գերակշիռ մասի լրատվական հաղորդումների վերջնամասում տեղ գտնող եղանակի տեսությունն արդեն մի քանի տարի է, ինչ անարժանահավատ ինֆորմացիայի տիրույթից տեղափոխվել է ամենաարժանահավատների շարքը։ Գործոններից, որոնք ապահովեցին Հայաստանում օդերևութաբանական կանխատեսումների նման շրջադարձը, օդերևութաբանական կենտրոնի պետն առանձնացնում է ամենակարևորները՝ գիտության զարգացումն ու հասարակության հետ ճիշտ աշխատանքը. «Օդերևութաբանական կանխատեսումները հատուկ ֆիզիկաստատիստիկական մոդելների հիման վրա են արվում, որոնք հետզհետե կատարելագործվում են։ Ցիկլորների, անտիցիկլոների, մթնոլորտային ճակատների տեղաշարժերի կանխատեսումները հենց այդ մոդելների վրա են հիմնված: Ըստ այդմ ՝ որքան մոդելները զարգանում, այնքան կանխատեսումների արդարացման աստիճանը բարձրանում է։ Ներդրվել են նոր տեխնոլոգիաներ, որոնք բավականին ինֆորմացիա են տալիս հատկապես ամպամածության գոտիների մասին»։ Բայց կանխատեսումների արդարացման 90-95 տոկոսը դժվար թե ապահովվեր, եթե խիստ պահանջված մասնագետները բավարարվեին միայն մոդելների ու տեխնիկայի ընձեռած հնարավորություններով. սպասվելիք եղանակի ամբողջական նկարագիրը պատկերացնելու համար նրանք ուսումնասիրում են նաև Հայաստանի լեռնագրությունը, կլիման և այլ ցուցանիշներ:

Այդ ամենով հանդերձ` 100 տոկոս ճշգրտությամբ կանխատեսումներ անելն անհնար է` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: « Կանխատեսումները հիմնականում հինգ օրվա վաղօրոքությամբ են կատարվում և 90-95 տոկոս արդարացվածության աստիճան ունեն: Առաջին օրվա դեպքում արդարացման աստիճանը հասնում է 100 տոկոսի, հաջորդականների դեպքում` 90-95: Իսկ ամսական և սեզոնային կանխատեսումների պարագայում արդարացվածության աստիճանն ավելի ցածր է ` 70-80 տոկոս»,-ասում է օդերևութաբանության կենտրոնի ղեկավարը:

Այս օրերին հանրապետությունում սպասվելիք ձմեռվա կանխատեսումներն են անում, բայց քանի դեռ աշխատանքները չեն ավարտվել, որևէ ինֆորմացիա տալը ճիշտ չի համարում կենտրոնի պետը: Թե ինչ ձմեռ է սպասվում Երևանում և մարզերում, հայտնի կլինի նոյեմբերի 20-ից հետո:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում