Արսինե Խանջյանը մտահոգված է թուրք մտավորական Օսման Քավալայի կալանավորմամբ

Արսինե Խանջյանը մտահոգված է թուրք մտավորական Օսման Քավալայի կալանավորմամբ

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ազատ արձակել Թուրքիայում կալանավորված իրավապաշտպան Օսման Քավալային:

Հայտարարության մեջ ասվում է. «Ես հանդիպեցի Օսմանին յոթ տարի առաջ՝ Թուրքիայում: Նա այն մարդն է, ով իմ մեջ ներշնչեց այն վստահությունը, որն անհրաժեշտ էր այցելել այդ երկիր: Թեպետ մեր վիճարկելի պատմություններում այդքան լարվածություն կա, սակայն նա նաև ինձ օգնեց հասկանալ, որ այնքան բան կա, որ պետք է իմանալ այսօրվա Թուրքիայի մասին»:

Խանջյանն ընդգծել է, որ աշխատել է Օսման Քավալայի հետ շատ մշակութային նախագծերի, կոնֆերանսների շուրջ, որոնց թեմատիկան եղել են ինքնությունը, պատմությունն ու հիշողությունը:

«Ես կարող եմ երկար պատմել Օսմանի մասին, սակայն դա չեմ անի: Միայն ցանկանում եմ ասել, որ ներկայում նա ազատազրկված է ևս 4 ամսով ու հնարավոր է նաև ավելի երկար ժամկետով՝ առանց դատական նիստի ժամկետի: Մենք ականատեսն ենք լինում Թուրքիայի քաղաքացիական հասարակության բոլոր մակարդակներում պետական զտումների հերթական դժբախտ և մտահոգիչ օրինակին»,- նշել է հայ դերասանուհին:

Նա շեշտել է, որ Քավալան բոլոր նրանց ընկերն է, ովքեր Թուրքիայում ու աշխարհում ամենուր լավ աշխատանք են անում՝ հանուն մարդկության և կարեկցանքի, որին պետք է ունակ լինեն բոլորը:

Թուրքիայում «Անադոլու Կուլտուր» հասարակական կազմակերպության նախագահ, գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալան 13 օր ձերբակալված մնալուց հետո կալանավորվել է:

Օսման Քավալան հայտնի է իր հայամետ դիրքորոշումներով: Նա եղել է Հայաստանում, հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում