Հայաստան-ԵՄ համաձայնագրի նախաստորագրումը նշանակում է, որ կողմերի համար խոչընդոտ չկա

Հայաստան-ԵՄ համաձայնագրի նախաստորագրումը նշանակում է, որ կողմերի համար խոչընդոտ չկա

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր համաձայնագրի նախաստորագրումը նշանակում է, որ կողմերի համար որեւէ խոչընդոտող սկզբունք չկա: Լրագրողների հետ զրույցում նման դիտարկում կատարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը:

«Այս փաստաթուղթը անկապ սկզբունքներից բաղկացած փաստաթուղթ չէ: Եթե փորձենք պարզ բացատրել, թե ինչի մասին է այս փաստաթուղթը, ապա կարող եմ ասել, որ, այսպիսով, Հայաստանը ստանձնում է պարտավորություն իրականացնել մեր Սահմանադրության մեջ ամրագրված կետերը, միջազգային պարտավորությունները, Եվրամիությունն էլ պարտավորվում է ցույց տալ այն արդյունավետ ճանապարհը, թե ինչպես կարելի է իրականացնել դրանք»,-ընդգծեց նա:

Փորձագետի համոզմամբ՝ փաստաթղթում կան դրույթներ, որոնց ուղղությամբ պետք է աշխատել՝ չսպասելով համաձայնագրի ստորագրմանը: Խոսքը, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարի մասին է:

«Մենք գիտենք մյուս պետությունների օրինակով, թե ինչպես վերացնել կոռուպցիան: Ներդրումներից բոլորն են խոսում, սկսած վարչապետից, բայց դրա համար հարկավոր է հիմնական երեք սկզբունքը լուծել, որոնք նշված են համաձայնագրում, խոսքը՝ կոռուպցիայի դեմ պայքարն է, օրենսդրական համապատասխան ակտերը, մտավոր սեփականության խիստ կիրառումը»,- շեշտեց Հովհաննես Իգիթյանը:

Նա նշեց, որ չի բացառում, որ որեւէ երկիր կարող է խնդիրներ առաջացնել համաձայնագրի ստորագրման հարցում:

«Ուկրաինան չէր սպասի, որ իր համար մեծ խնդիր կդառնա Հոլանդիան, բայց Հոլանդիան դեմ էր: Չեմ բացառում, որ ինչ-ինչ պատճառներով այս կամ այն երկիրն օգտագործի այս համաձայնագրի վավերացման ձգձգումը քաղաքական նպատակներով»,- եզրափակեց նա:

Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում