Նարինե Աբգարյանի «Մանյունյա»-ի հայերեն տարբերակը հանձնվեց ընթերցասերների դատին

Նարինե Աբգարյանի «Մանյունյա»-ի հայերեն տարբերակը հանձնվեց ընթերցասերների դատին

Մի ամբողջ սերնդի մանկության մասին պատմող «Մանյունյա» վեպի հայերեն թարգմանությունը նոյեմբերի 11-ին հանձնվեց ընթերցասերների դատին: Երևանի պետական կամերային թատրոնում կայացած գրքի շնորհանդեսին ասեղ գցելու տեղ չկար: Բոլորը եկել էին տեղում գնելու գիրքը` հեղինակի մակագրությամբ: Գրքի հեղինակը` Նարինե Աբգարյանը, նշեց, որ այն 0-ից 100 տարեկան երեխաների համար է նախատեսված:

«Սա մեր մանկության մասին պատմող գիրք է, մեր ինքնության մասին պատմող ստեղծագործություն: Երբ այլ ազգի ներկայացուցիչները այն կարդում են, սիրում են եւ որպես զբոսաշրջիկ գալիս են Հայաստան, դա ինձ համար մեծ հաճոյախոսություն է, եւ ես ուրախ եմ, որ այդ ձեւով կարողանում եմ օգնել իմ հայրենիքին»,-ասաց նա:

Մինչ հայերեն թարգմանվելը՝ վիպակը թարգմանվել է այլ լեզուներով: «Ես բազմաթիվ նամակներ եմ ստանում եւ Ղազախստանից, եւ Լատվիայից, եւ Ուկրաինայից եւ մյուս հետխորհրդային երկրներից, եւ բոլոր գրողներն ասում են այն մասին, որ դա հայկական գիրք չէ, դա մեր մանկության մասին գիրք է:Մենք ունեցել ենք անցյալ եւ դա մեզ բոլորիս կապում է»,-ասաց նա:

Նարինե Աբգարյանի խոսքով`գիրքը բավականին ծիծաղաշարժ դրվագներ է պարունակում: «Այն մեր ծնողների մասին, է մեր մասին է: Այնտեղ այնպիսի պատմություններ կան, որոնցով բոլորն էլ անցել են: Բոլորն էլ իրենց կամքին դեմ երաժշտական դպրոց են հաճախել, անընդհատ զավեշտալի պատմությունների մեջ են ընկել »,-ասաց նա:

«Մանյունյա»-ն պատմություն է Բերդում ծնված երկու ընկերուհիների` Նարինեի եւ Մանյունյայի, խիստ ու բարի Տայի` Մանյունյայի տատիկի, ինչպես նաեւ շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին:

Գրքի հեղինակը եւ թարգմանիչը եւս սահմանամերձ Բերդից են: Գրքի վաճառքից գոյացած հասույթն ուղղվելու է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներից մեկի երեխաներին:

Նարինե Աբգարյանն արժանացել է ռուսաստանյան ազգային գրականության «Տարվա ձեռագիր» մրցանակին: 2013թ. մանկական գրականությունում ունեցած ավանդի համար ստացել է «BABY-НОС» մրցանակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում