Երիտասարդները դրամահավաք են նախաձեռնել Ամրակիցի դպրոցին գերժամանակակից գրադարան նվիրելու համար

Երիտասարդները դրամահավաք են նախաձեռնել Ամրակիցի դպրոցին գերժամանակակից գրադարան նվիրելու համար

Ստեփանավանից 4 կմ դեպի արևելք և մայրաքաղաքից 136 կմ հեռավորության վրա գտնվող Ամրակից գյուղի դպրոցականները կարող են ունենալ գերժամանակակից գրադարան, եթե յուրաքանչյուրն ունենա իր ներդրումը։ Կազմակերպվել է դրամահավաք, որով Ամրակից գյուղի միակ դպրոցի կիսավեր գրադարանը կվերափոխվի ոգեշնչող միջավայրի, ուր աշակերտները կարող են զբաղվել ինքնակրթությամբ, խաղալ խաղեր, կազմակերպել կինոդիտումներ ու քննարկումներ։ Գաղափարը «Դասավանդիր Հայաստան» (Teach for Armenia) ծրագրի մասնակից մոսկվաբնակ Արուսյակ Զեյնալյանինն է, ով գյուղի դպրոցում երկու տարի դասավանդելու է անգլերեն։

Արուսյակ Զեյնալյանը ճարտարապետ Հայկ Զելիբեկյանին է ներկայացրել գաղափարն ու խնդրել օգնել նոր գրադարանի նախագծման, ինչպես նաև դրամահավաքի կազմակերպման աշխատանքներում։ «Ես ուզում եմ, որ երեխաների մոտ կարդալու ցանկություն առաջանա, ես ուզում եմ, որ երեխաների համար հետաքրքիր լինի շատ ժամանակ անցկացնել դպրոցում։ Ես ուզում եմ, որ իմ՝ այնտեղից հեռանալուց հետո էլ, երեխաները շարունակեն կարդալ, անընդհատ հաճախեն գրադարան»,-Հայկին գրել է Արուսյակն ու ավելացրել՝ «արի երեխաների համար ժամանակակից գրադարան հիմնենք»։ Ճարտարապետն էլ կազմել է նախագիծն ու հաշվել անհրաժեշտ բյուջեն։ Նախնական հաշվարկներով կպահանջվի 4 միլիոն դրամ: Հնարավորության դեպքում վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն դեկտեմբերի 1-ին, որպեսզի Նոր տարվա տոնին երեխաներն ունենան գեղեցիկ կահավորված գրադարան։

Նախատեսվում է՝ գրադարանը դարձնել մի վայր, ուր կանցկացվեն դասեր, այստեղ երեխաներն ինքնուրույն կգրանցեն գրքերը, որոնք նախատեսում են տուն տանել, գրադարանում կցուցադրվեն ֆիլմեր, սեղանի խաղերի խաղալու հնարավորություն կլինի և այլն։ Կազմակերպիչները հուսով են, որ նախաձեռնությունը հաջողություն կունենա ու կտարածվի Հայաստանի այլ դպրոցներում ևս և միասնական ջանքերով կբարելավվեն աշակերտների կրթական պայմանները, հատկապես, գյուղական համայնքներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում