Դատախազը պահանջեց Սամվել Բաբայանին ազատազրկել 7 տարի ժամկետով

Դատախազը պահանջեց Սամվել Բաբայանին ազատազրկել 7 տարի ժամկետով

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի գլխավորությամբ նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը:

Նիստի ընթացքում դատախազ Արամ Արամյանը հանդես եկավ մեղադրական ճառով և պահանջեց Սամվել Բաբայանի նկատմամբ որպես պատիժ նշանակել 7 տարի ազատազրկում:

«Մեղադրող կողմը գտնում է, որ ամբաստանյալ Սամվել Անդրանիկի Բաբայանը պետք է մեղավոր ճանաչվի ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 7 տարի ժամկետով, իսկ ամբաստանյալ Սանասար Անդրանիկի Գաբրիելյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի ժամկետով:

Ամբաստանյալ Արմեն Նշանի Պողոսյանը պետք է մեղավոր ճանաչվի ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի ժամկետով, իսկ ամբաստանյալ Կարեն Իշխանի Քոչարյանը` քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի ժամկետով:

Անդրանիկ Իշխանի Քոչարյանին պետք է մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով: Մեղադրող կողմը գտնում է, որ նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն պետք է չկիրառել և սահմանել փորձաշրջան 3 տարի ժամկետով:

Դավիթ Վլադիմիրի Հարությունյանը պետք է մեղավոր ճանաչվի ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, և որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով:

Ժորա Գերասիմի Զաքարյանը պետք է մեղավոր ճանաչվի ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով և որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով: Նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 3 տարի ժամկետով»,- նշեց դատախազ Արամյանը:

Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարելով պաշտպանական կողմի ճառի նախապատրաստվելու հետ կապված միջնորդությանը, նիստը հետաձգեց մեկ շաբաթով: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 20-ին:

Սամվել Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Սանասար Գաբրիելյանին և Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր:

Կարեն Քոչարյանին ,Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը ձեռք բերելուն՝` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում