«Տաշիր» ընկերությունների խմբի խոշոր ներդրման արդյունքում 2500 նոր աշխատատեղ կստեղծվի

«Տաշիր» ընկերությունների խմբի խոշոր ներդրման արդյունքում 2500 նոր աշխատատեղ կստեղծվի

 Էներգետիկ ոլորտում առաջիկա տարիներին 1 միլիարդ դոլարի ներդրման արդյունքում նախատեսվում է 2500 նոր աշխատատեղի ստեղծում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի շնորհանդեսին այս մասին հայտարարեց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանը: Խոսելով ներդրումային ծրագրերի հիմքում դրված սկզբունքների մասին` նա նշեց, որ իրենց առջև խնդիր են դրել լուծել էկոլոգիական ու սոցիալական բնույթի հարցեր: «Ներդրումային ծրագրի շրջանակներում օգտագործվող սարքավորումների մոտ 80 տոկոսի արտադրությունը կկազմակերպվի Հայաստանում: Նախնական գնահատականով` խոսք է գնում 2500 նոր աշխատատեղի մասին»,-նշեց Կարեն Դարբինյանը:

Նրա խոսքով` ներդրումային ծրագրերը կյանքի կոչելու համար «Տաշիր» ընկերությունների խումբը 2016 թվականից բանակցություններ է վարում մի շարք միջազգային ֆինանսական խոշոր կազմակերպությունների հետ, այդ թվում` Ասիական զարգացման բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ: «Կնքվել է մոտ 160 միլիոն դոլարի ներգրավման պայմանագիր, այսօր կստորագրվի նաև փոխհամաձայնության հուշագիր Եվրասիական զարգացման բանկի հետ`100 միլիոն դոլարի ներգրավման մասին»,- հայտնեց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահը:

Կարեն Դարբինյանը տեղեկացրեց, որ շարունակվում են բանակցություններն այլ ֆինանսական կառույցների հետ մոտակա տարիներին լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման ուղղությամբ:

Տաշիր ընկերությունների խմբի կողմից առաջիկա տարիներին նախատեսվող ներդրումներից 200 միլիոն դոլար կուղղվի հիդրոէներգետիկայի ոլորտին, կկառուցվի «Շնող» ՀԷԿ-ը: Շուրջ 900 միլիոն դոլար էլ կուղղվի «Հայաստանի բաշխիչ ցանցերում» էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքների վերակառուցմանն ու էլեկտրաէներգիայի հաշվառման սարքերի ներդրմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում