«Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունում խառնաշփոթ է. ի՞նչ ապագա է սպասվում ընկերությանը

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունում խառնաշփոթ է. ի՞նչ ապագա է սպասվում ընկերությանը

Ըստ մեր հավաստի աղբյուրների, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունն առաջիկայում նոր սեփականատեր կունենա: Ներկայիս բաժնետերերը պատրաստվում են վաճառել իրենց կապիտալը:

Այս գործարքը խիստ գաղտնի է պահվում անգամ աշխատակիցներից, այնպես որ բացառված չէ, որ առուվաճառքն արդեն կատարվել է: Աշխատակիցները վստահ են, որ զանգվածային կրճատումներ կսկսվեն, շատերը փորձում են նոր աշխատանք գտնել:

Ընկերության գաղտնի ու կասկածելի վաճառքի լուրը հասել է արդեն նաև հաճախորդներին, ինչը անվստահության և դժգոհության մեծ ալիք է բարձրացրել, շատերը ապահովագարկան շուկայում այլ գործընկեր են գտել:

Իրավիճակը բարդացրել է նաև այն հանգամանքը, որ վերջերս պարզվել է, որ «Ռոսգոսստրախ-Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը որևէ աղերս այլևս չունի 100-ամյա պատմություն ունեցող ռուսական «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» ընկերության հետ:

Խնդիրն այն է, որ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ-ն 2008թ-ին հիմնադրել է ռուսական «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» ընկերությունը, սակայն հիմա «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփանականատերը «Սիմարեքս Մենեջմենթ Լիմիթեդ» ընկերությունն է:

Ստացվում է, որ հայկական շուկայում գործող «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը ներկայումս ոչ մի կապ չունի ռուսական «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ»-ի հետ, սակայն շուկայում իր շահեկան դիրքը պահելու համար ռեբրենդինգ չի լինում:

Times.am-ը փորձեց այս հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունից, սակայն որևէ պատասխան այդպես էլ չհնչեց: Ընկերության ներկայացուցիչները սկզբից խնդրեցին հարցն ուղարկել գրավոր, այնուհետև առհասարակ դադարեցին պատասխանել հեռախոսազանգերին, ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ ընկերության վաճառքին վերաբերվող լուրերը համապատասխանում են իրականությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում