Անվտանգության և գիտության խնդիրների հակադրումն անթույլատրելի է

Անվտանգության և գիտության խնդիրների հակադրումն անթույլատրելի է

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը լուծում է անվտանգության խնդիր: Ազգային ժողովում օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Այս օրենսդրական նախաձեռնությունն ունի հանրային մեծ հետաքրքրություն և կարևորություն: Եթե կուզեք, այս խնդիրը նաև անվտանգության հիմնախնդիր է լուծում: Այս օրերին մենք տարբեր ծայրահեղությունների մեջ ընկանք, փորձեցինք հակադրել պաշտպանության, անվտանգության և կրթության ու գիտության խնդիրները: Ես կարծում եմ, որ անթույլատրելի է անվտանգության խնդիրները հակադրել կրթության և գիտության խնդիրներին, որովհետև անվտանգությունը վեր է ամեն ինչից: Սրանով մենք չենք ստորադասում կրթությունը և գիտությունը, բայց առանց ամուր և կայացած անվտանգության համակարգի, առանց կայացած պաշտպանական համակարգի մենք չենք կարող խոսել մրցունակ կրթության և գիտության մասին»,- ընդգծեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ շատ են խոսում տարկետման վերացման մասին՝ շեշտելով, որ օրենքի նախագծում նման բան գոյություն չունի: Նա հստակեցրեց, որ տարկետումը չի վերացվում, այլ հստակեցվում են դրա չափանիշները: «Ազգ-բանակը» շատ կարևոր գաղափար է: Մենք սատարում ենք այդ գաղափարին, և այնտեղ շատ էական նշանակություն ունեն «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս այն ուսանողներին, ովքեր ուսման ընթացքում պատրաստակամ են մարտական պատրաստություն անցնել, ապագայում պայմանագիր կնքել պաշտպանության նախարարության հետ և գնալ, և ծառայել որպես սպա: Շատ եմ կարևորում նաև այն հանգամանքը, որ այս նախագծով սահմանվում է բժշկական բոլոր հետազոտությունների թափանցիկությունը: Այս նախագծով մենք նաև սոցիալական արդարության և հավասարության խնդիր ենք դնում»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով օրենքի նախագծից դժգոհ ուսանողների գործողություններին՝ Շարմազանովն ընդգծեց, որ դա նրանց իրավունքն է, սակայն շեշտեց, որ Հայաստանի իշխանությունները միշտ պատրաստ են եղել և պատրաստ են լսել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: «Դրա համար ենք մենք ուսանողներին առաջարկել ընդգրկվել այն աշխատանքային խմբում, որը կզբաղվի օրենքից բխող շուրջ 70 ենթաօրենսդրական ակտերի մշակմամբ»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ պատգամավորներին կոչ անելով կողմ քվեարկել օրենքի նախագիծն ամբողջությամբ ընդունելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում