Սա այն օրենքը չէ, որի դեմ կարելի է ամեն գնով պայքարել. Արտակ Զաքարյանն ուսանողներին կոչ է անում դադարեցնել հացադուլը

Սա այն օրենքը չէ, որի դեմ կարելի է ամեն գնով պայքարել. Արտակ Զաքարյանն ուսանողներին կոչ է անում դադարեցնել հացադուլը

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը վստահեցնում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը միտված չէ Հայաստանում գիտության և կրթության զարգացմանը խոչընդոտելուն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ «Հանուն գիտության զարգացման» կարգախոսով ներկայացված օրենսդրական նախաձեռնության դեմ պայքարելն ընդհանրապես տրամաբանական չէ:

«Ես տեղյակ եմ, որ օրենքից դժգոհ մի քանի ուսանողներ հացադուլ են սկսել: Կոչ եմ անում մեր երիտասարդներին դադարեցնել հացադուլը, որովհետև դա ճիշտ ճանապարհ չէ, և այս օրենքն էլ այն օրենքը չէ, որի դեմ կարելի է ամեն գնով պայքար մղել: Նույն այդ ուսանողների հետ վարչապետի մոտ կայացած հանդիպմանը մենք առաջարկել ենք մասնակցել կառավարության կողմից օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքներին: Մենք այդ քննարկումների ընթացքում հաշվի կառնենք բոլոր առաջարկները, կտեսնենք, թե որքանով են կիրառվող մեխանիզմներն արդյունավետ, արդյոք մենք «հնարամիտ» մարդկանց համար նոր հնարավորություններ չենք ստեղծում, որպեսզի նրանք ճանապարհներ գտնեն խուսափել զինվորական ծառայությունից: Մենք գիտության և կրթության զարգացմանը խոչընդոտող որևէ նախաձեռնություն չենք ներկայացրել, և այս օրենքն էլ դրան չէ միտված»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Զաքարյանը:

Նա հավելեց, որ տարկետումը շարունակելու է գործել, սակայն պայմաններով: Ընդ որում, այնպիսի պայմաններով, որ մատչելի և հասանելի լինի բոլորի համար: «Այսօր տարկետումը գործում է այն մարդկանց համար, ովքեր միավորներ են հավաքում, իսկ մենք առաջարկում ենք տարկետման իրավունք տալ բոլոր այն ուսանողներին, ովքեր ասում են, որ չեն խուսափում զինվորական ծառայությունից, բայց խնդրում են թույլ տալ շարունակել իրենց կրթությունը: Սրանից լավ առաջա՞րկ»,– ասաց փոխնախարարը:

Նա հավելեց, որ իրենք չեն ընդունում օրենքից դժգոհություններ ունեցող ուսանողների առաջարկները, քանի որ շատ հստակ և հիմնավոր ներկայացնում են իրենց առաջարկները: «Իսկ ընդունել նրանց առաջարկները, կնշանակի վերադառնալ նույն իրավիճակին, երբ չարաշահողները կշարունակեն չարաշահել, խուսափողները կշարունակեն խուսափել, իսկ գիտությունը դրանից որևէ բանով չշահի: Պատրա՞ստ եք դրան»,- նշեց Զաքարյանը:

Հարցին, արդյոք խուսափել ցանկացողները չեն կարողանալու նոր օրենքով կրկին խուսափել՝ օգտվելով կառավարության որոշմամբ տաղանդավոր անձանց տարկետում տալու հնարավորություններից, Զաքարյանը պատասխանեց. «Տեսեք, ենթադրենք կառավարությունը պետք է Արտակ Զաքարյանի որդուն՝ որպես տաղանդավոր ջութակահար, տարկետում տա: Մենք կառաջարկենք այս որոշումը ընդունումից մեկ ամիս առաջ դարձնել հրապարակային: Հանրությունն արդեն վերահսկողություն իրականացնելու հնարավորություն կստանա, իսկ նրա տաղանդավոր լինել կամ չլինելը կորոշեն մասնագետները: Մենք սա դարձնելու ենք հանրային քննարկման հարց, հանրությունը կարողանալու է հետևել զարգացումներին: Եվ, եթե այդ ժամանակ խնդիրներ առաջանան, այս ուսանողները կպայքարեն դրա դեմ, ոչ թե օրենքի, որը բոլորիս համար կենսական նշանակություն ունի, այդ թվում՝ դիրքում կանգնած զինվորի համար»,- նշեց փոխնախարարը՝ շեշտելով, որ առողջապահական համակարգում ևս վերանայվելու են բոլոր մոտեցումները:

Նա ընդգծեց, որ հարգում է ուսանողների դիրքորոշումը՝ նկատելով, որ պաշտպանության նախարարությունը պատրաստ է լսել ցանկացած առաջարկ, որը կարող է օգտակար լինել իրենց որդեգրած քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Արտակ Զաքարյանը հույս հայտնեց, որ ուսանողները կվերադառնան համագործակցության դաշտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում