Հետազոտվածների 7.1 տոկոսի մոտ հայտնաբերվել են նորմայից շեղումներ. Ք. Սարգսյան

Հետազոտվածների 7.1 տոկոսի մոտ հայտնաբերվել են նորմայից շեղումներ. Ք. Սարգսյան

Առաջնորդվելով ԱՀԿ-ի՝ «Կանխարգելում կյանքի բոլոր էտապներում» սկզբունքով՝ առողջության առաջնային պահպանման օղակներում իրականացվում են առողջ ապրելակերպի քարոզչության, վարքագծային և կենսաբանական ռիսկի գործոնների դեմ պայքարի մի շարք ծրագրեր: Դրանցից մեկը 2015թ. մեկնարկած «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագիրն է, որի նպատակն առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների՝ շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ կանխարգելումն է։ «Մինչև հիմա ավելի քան 1մլն մարդ մասնակցել է սկրինինգային հետազոտություններին, ընդ որում՝ շաքարային դիաբետի համար հետազոտվածների թիվը հոկտեմեբերի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 430 հազար քաղաքացի։ Հետազոտվածների 7.1 տոկոսի մոտ հայտնաբերվել են նորմայից շեղումներ»,-Times.am-ի հետ զրույցում ասաց «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի ինստիտուցիոնալ զարգացման բաղադրիչի ղեկավար Քրիստինե Սարգսյանը։

Անվճար սկրինիգային հետազոտության համար ընտրված տարիքային խումբը՝ 35-68 տարեկան քաղաքացիներ, ըստ մեր զրուցակցի, պայմանավորված է նրանց՝ հիվանդության նկատմամբ ավելի խոցելի լինելով։

Առողջության առաջնային պահպանման շուրջ 360 հաստատություններում՝ պոլիկլինիկաներում ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն անցնելու ոչ միայն անվճար սկրինինգային հետազոտություն, այլև՝ ստանալու խորհրդատվություն, թե ինչպես կարելի է խուսափել այդ հիվանդությունից։ Ֆիզիկական ակտիվությունն, առողջ ապերակերպը, ծխախոտի ու ալկոհոլի բացառումը, միանշանակ, կնվազեցնեն շաքարային դիաբետեով հիվանդանալու հավանականությունը։ Քրիստինե Սարգսյանի խոսքով՝ առողջապահության նախարարությունը հանրային իրազեկման արշավի միջոցով փորձում է բարձրացնել հանրության տեղեկացվածության մակարդակը, որպեսզի հնարավոր լինի հիվանդությունը հնարավորինս վաղ շրջանում հայտնաբերել ու կանխարգելել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում