ԼՂ հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առկա է որոշակի ակտիվություն

ԼՂ հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առկա է որոշակի ակտիվություն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առկա է որոշակի ակտիվություն: Այդ մասին կառավարության նիստից հետո նշեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Հարցին՝ համանախագահների ակտիվությունն ինչի հետ է կապված, ԱԳ փոխնախարարն ասաց. «Արդեն քանի տարի է, ինչ բանակցային գործընթացում ոչ միայն չկա առաջընթաց, այլև իրավիճակը շատ դեպքերում պայթյունավտանգ է, ինչի ապացույցն ապրիլյան դեպքերն են: Այդ տեսակետից, նրանք չեն կարող մտահոգված չլինել, առավել ևս, որ երեք համանախագահող երկրները հանդիսանում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ: Բնական է, որ իրենց համար ամբողջովին անընդունելի է ռազմական գործողությունների վերսկսումը»:

Քոչարյանն ընդգծեց, որ ակնկալիքը, այդ թվում՝ համանախագահների այն է, որ կարգավորման գործընթացում լինի առաջընթաց, ինչի համար անհրաժեշտ է կողմերի միջև վստահություն, ինչն իր հերթին ենթադրում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում