Լավրովը ԼՂ հարցում ԵԱՀԿ ՄԽ շրջանակից առանձին չի գործում

Լավրովը ԼՂ հարցում ԵԱՀԿ ՄԽ շրջանակից առանձին չի գործում

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պնդում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբից առանձին չի գործում: Կառավարության նիստից հետո լրագրողները Քոչարյանից հետաքրքրվեցին՝ արդյոք Ռուսաստանի ԱԳ նախարարը տարածաշրջանային այցի ընթացքում իր հետ բերելու է ինչ-որ առաջարկություններ:

«Անընդհատ դրա մասին խոսվում է: Ռուսաստանի ԱԳ նախարարն առանձին չի գործում, նա գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի շրջանակում, այդ տեսակետից՝ մի փոքր տարօրինակ է, երբ փորձում են անընդհատ առանձնացնել, առավել ևս, որ անձամբ Լավրովը դա (առանձին գործելը-հեղ.) մի քանի անգամ հրապարակային հերքել է»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:

Քոչարյանն ասաց, որ Լավրովի այցը կապված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ՝ միաժամանակ ավելացնելով, որ արտգործնախարարն ազատ է նմանատիպ հանդիպումների ժամանակ քննարկելու ցանկացած հարց, առավել ևս նման կարևոր թեմա:

Լավրովի այցը Հայաստան նախատեսված է նոյեմբերի վերջին տասնօրյակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում