Լավրովը Հայաստանում Նալբանդյանի հետ կքննարկի ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարները

Լավրովը Հայաստանում Նալբանդյանի հետ կքննարկի ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարները

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով նոյեմբերի 20-21-ը պաշտոնական այցով կլինի Երևանում, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կքննարկի արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Նա տեղեկացրեց, որ բացի Նալբանդյանի հետ հանդիպումից Լավրովը կհանդիպի նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «Լավրովի այցն իրականացվում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 20-րդ հոբելյանական տարում: Երկու երկրների նախարարները կմասնակցեն «Ռուսաստան և Հայաստան. դարերով կոփված բարեկամություն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը, ինչպես նաև հայկական փոստային նամականիշի մարման արարողությանը՝ նվիրված այս նշանակալի պատմական իրադարձություններին»,- հայտնեց Զախարովան:

Նա նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև նախատեսվում է ստորագրել 2018-2019 թվականների խորհրդակցությունների ծրագիր: Երկկողմ բանակցությունների օրակարգում ընդգրկված են երկու երկրների միջև համագործակցության լայն համալիրը, ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի գծով արտաքին քաղաքական փոխգործակցությանն առնչվող հարցեր, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և այլ միջազգային հարթակների շրջանակներում դիրքորոշումների համակարգումը:

«Երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցը, այդ թվում և ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները»,- ասաց ԱԳՆ խոսնակը:

Զախարովան շեշտեց, որ երկկողմ համագործակցության զարգացմանը նպաստում է բարձր մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում