Պետբյուջեն միտված է ստվերային տնտեսության կրճատմանը

Պետբյուջեն միտված է ստվերային տնտեսության կրճատմանը

Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրված հարկաբյուջետային քաղաքականությունը տալու է երկրում տնտեսական զարգացման մեկնարկը. հիմքեր կստեղծվեն միջինը 5 տոկոս տնտեսական աճ ապահվելու համար: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Բյուջեի ծախսային քաղաքականության առանցքում դրված են տնտեսական աճը, երկրի անվտանգության մակարդակի բարձրացումը, սոցիալական նպատակայնությունը»,- նշեց Բաղդասարյանը:

Նա ընդգծեց, որ բյուջեի ծրագիրը միտված է ստվերային տնտեսության կրճատմանը, գործարար միջավայրում անհարկի խեղումների բացառմանը, հարկեր-ՀՆԱ ցուցանիշի կայուն բարելավմանը: «Յուրաքանչյուր երկրում բյուջեում մակրոտնտեսական ցուցանիշների իրական արտացոլումը հիմքեր են հանդիսանում հաջորդ տարիներին այդ ցուցանիշների բարելավման համար: Ես վստահ եմ, որ ներկայացված ծրագրում արտացոլված մակրոտնտեսական ցուցանիշները բխում են կառավարության, ՀՀԿ-ի ծրագրից: Դրանք իրատեսական են, որ մի թիվ շինծու չէ, և դրանք հիմքեր պետք է ստեղծեն հաջորդ տարիներին տնտեսական զարգացում ապահովելու համար»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Պատգամավորն անդրադարձավ հարկային ոլորտին՝ ընդգծելով, որ այդտեղ բոլորը պետք է հավասար դաշտում գործեն: «Պետական եկամուտների կոմիտեի սուրբ պարտականությունն է ապահովել հարկային հավասար դաշտը, իսկ մենք պետք է հետևողական լինենք ու ինչ-որ տեղ պարտադրենք, որպեսզի պետական եկամուտների կոմիտեն իր պարտականությունները կատարի՝ առանց տնտեսվարողների աշխատանքը խոչընդոտելու: Այստեղ քննարկումների ընթացքում մենք մեկ տոնավաճառում ծագած խնդիրների պատճառով գնահատական ենք տալիս պետական եկամուտների կոմիտեի նախագահի աշխատանքին: Չի կարելի, ընդհանուր գնահատականը պետք է տրվի ընդհանուր գործառույթների հիման վրա: Հիմա պետական եկամուտների կոմիտեն փորձում է հավասարություն ապահովել բոլորի համար, իսկ մենք փորձում ենք խոչընդոտել դրան: Ոչ թե մեկ մոլի կամ տոնավաճառի, այլ ընդհանրապես բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ պետք է հավասար մոտեցում կիրառվի»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Պատգամավորն այն կարծիքին է, որ արմատախիլ պետք է արվեն բոլոր արհեստական մենաշնորհային կազմակերպությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում