Կարինե Աճեմյանն առաջարկում է երկարացնել պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի գործողության ժամկետը

Կարինե Աճեմյանն առաջարկում է երկարացնել պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի գործողության ժամկետը

Ազգային ժողովում քննարկման դրված «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծով առաջարկվում է երկարացնել օրենքի գործողության ժամկետը: Օրենքի նախագիծը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում վճարել օրենքով սահմանված համապատասխան վճարը, ազատվել քրեական հետապնդումից եւ վերադառնալ հայրենիք:

Նախագծի համահեղինակ Կարինե Աճեմյանը նշեց, որ Կառավարությունը որոշել էր նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով տուգանքը սահմանել յուրաքանչյուր զորակոչի համար, սակայն նախագծի հեղինակները գրավոր առաջարկ են ներկայացրել տուգանքը երկուհարյուրապատիկի չափով սահմանելու վերաբերյալ, այսինքն՝ 1 մլն 800 հազար դրամը դարձնել 3 մլն 600 000 դրամ:

«Օրենքի ժամկետը երկարացրել ենք, որպեսզի այն քաղաքացիներն, ում 27 տարին լրացել է, կարողանան այս օրենքից օգտվել: Մենք բարի գործ ենք ուզում անել: Մարդիկ տարբեր պատճառներով են հեռացել եւ դռները նրանց առջեւ փակելը տրամաբանական չէ: Հարյուրավոր քաղաքացիներ են վերադարձել հայրենիք եւ վճարել են տուգանքները, եւ պետական բյուջե մոտ 8 մլրդ դրամ է մուծվել»,- ասաց նա:

Օրենքից կարող են օգտվել 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված կամ զորակոչից խուսափած անձինք: Օրենքը գործելու է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում