Վիգեն Սարգսյանն ու Անջելինա Ջոլին` ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովին

Վիգեն Սարգսյանն ու Անջելինա Ջոլին` ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովին

Կանադայի Վանկուվերում քաղաքում ավարտվել է ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովը, որին մասնակցում էր Հայաստանի պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ։

Համաժողովի հիմնական թեմաները նվիրված էին ՄԱԿ խաղաղարար առաքելությունների արդյունավետության բարձրացմանը։ Առանձնահատուկ ընդգծվել է խաղաղարար առաքելություններում կին զինվորականների թվի ավելացման անհրաժեշտությունը։ Առաջարկվում է այն հասցնել 15 տոկոսի։

Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն, ով ներկայացրել է «վանկուվերյան սկզբունքները», որոնք պետք է կանխեն երեխաների ստիպողական մասնակցությունը մարտական գործողություններին։

Համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև աշխարհահռչակ դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին, ում ելույթը նվիրված է եղել ողջ աշխարհում սեռական բռնությունների դեմ միասնական պայքարի անհրաժեշտությանը։

Հայաստանը բացառիկ երկրներից է, որ առավելագույն ջանք է ներդնում խաղաղարար առաքելություններում։ Մեր երկիրը պատրաստ է շարունակել մասնակցությունն այդ ծրագրերին՝ խորապես գիտակցելով դրանց կարևորությունը։

«Լիբանանում «Յունիֆիլ», Մալիում «Մինուսմա», ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավորությամբ Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղության և կայունության պահպանման առաքելություններին ուժեր տրամադրելուն զուգահեռ, Հայաստանը ստեղծում է ազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն` հետագայում այն որպես միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն հավաստագրելու նպատակով, ինչպես նաև պատրաստում է երկու նոր կարողություններ՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ընդգրկելու համար», — համաժողովի ընթացքում իր ելույթում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ավելացրել, որ 2015 թվականի սեպտեմբերին Հայաստանի ստանձնած երկու հանձնառությունները՝ երկրորդ մակարդակի դաշտային հոսպիտալը և ինքնաշեն պայթուցիկ միջոցների հայտնաբերման կարողությամբ ինժեներական ստորաբաժանումը, արդեն գրանցվել են ՄԱԿ-ի խաղաղապահության կարողությունների պատրաստության համակարգում և ստացել 1-ին մակարդակի կարգավիճակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում