ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին նվիրված Հատուկ ծրար է մարվել

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին նվիրված Հատուկ ծրար է մարվել

ՀՀ Նախագահի նստավայրում 2017 թվականի նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից թողարկված Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին նվիրված Հատուկ ծրարի մարումը: Այս մասին տեղեկացրին «Հայփոստ» ՓԲԸ-ից:

Ծրարի վրա պատկերված է 2017 թվականին ՏՏ ոլորտում Նախագահի մրցանակին արժանացած 8-րդ դափնեկիրը՝ «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար Թոնի Ֆադելը: Հատուկ ծրարի վրա պատկերված են նաև նախորդ տարիների յոթ մրցանակակիրները:

Հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է՝ թեմատիկ ծրար, որին փակցված է 2013 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ» թեմային նվիրված 2 նամականիշ և որը մարվելու է Հատուկ դրոշմակնիքով: Հատուկ ծրարը պատրաստվել է 500 հատ տպաքանակով:

Հատուկ ծրարի մարման արարողությանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՏՏ ոլորտում Նախագահի մրցանակին արժանացած 8-րդ դափնեկիր Թոնի Ֆադելը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում