Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին

Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հեծանիվ հնարելը բավական դժվար է: Եթե Ադրբեջանը մի փոքր աչալուրջ լինի այն կոչերին, որոնք ներկայացնում են եռանախագահող երկրները, ապա առավել մեծ հնարավորություններ կբացվեն այս գործընթացն առաջ տանելու եւ արդյունքներ ունենալու համար: Այս մասին արտաքին գործերի նախարարությունում կայացած մամուլիս ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Անդրադառնալով Բաքվից վերջերս հնչեցված ԼՂ հիմնախնդրի բանակցություններից կոնկրետ արդյունք ունենալու հայտարարություն-պահանջին՝ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ հիմնախնդրի կարգավորման նպատակով ինտենսիվ բանակցություններին, որովհետեւ բանակցային գործընթացին այլընտրանք չկա: «Այս առումով մենք կարեւորում ենք եռանախագահող երկրների միջնորդական ջանքերը ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Հայտարարություններ անել, գառնուկ ձեւացնել… կարծում եմ որեւէ մեկին խաբել չեն կարող»,-ասաց նախարարը: Նա հիշեցրեց եռանախագահող կողմերի բազմիցս հնչած կոչերը՝ զերծ մնալ ապակառուցողական, մաքսիմալիստ դիրքորոշումից, վերահաստատել հանձնառությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման: «Եռանախագահները կոչ են անում հարգել եւ իրականացնել եռակողմ եւ անժամկետ զինադադարի համաձայնագրերը, հարգել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Իսկ ինչ է անում Ադրբեջանը»,-նկատեց ՀՀ ԱԳ նախարարը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) նոյեմբերի 14-ին և 16-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Համանախագահներն արտաքին գործերի նախարարների հետ քննարկել են 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ կայացած գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված համաձայնությունների իրագործմանն ուղղված հստակ քայլեր, ինչպես նաև Ժնևում համանախագահների կողմից բարձրացված այլ հարցեր: Հանդիպումների ժամանակ համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են ներկայում բանակցային սեղանին գտնվող մի շարք աշխատանքային առաջարկներ: Նախարարները համաձայնել են հանդիպել 2017 թվականի դեկտեմբերին Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարական հավաքի շրջանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում