Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարը կոչ է անում խրախուսել հայ եւ բրազիլացի ներդրողներին

Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարը կոչ է անում խրախուսել հայ եւ բրազիլացի ներդրողներին

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում այսօր 25 հազար հայ է ապրում: Հայ համայնքն այնտեղ շատ ակտիվ եւ աշխույժ է` կապված իր արմատներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունյես Ֆերեյրան: «Մեր բարեկամական փոխհարաբերությունները պահպանվում են դեռ շատ վաղուց: Մենք մի շարք համաձայնագրեր ենք ստորագրել, որոնք պետք է ավելի արդյունավետ դարձնենք»,-ասաց Ֆերեյրան: Երկու երկրների արտգործնախարարները առևտրային և ներդրումային համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: «Այն հնարավորություն կստեղծի առեւտրաշրջանառությունն ավելի դինամիկ դարձնել եւ ներդրումների համար նոր հնարավորություններ ստեղծել»,-հավելեց նա: Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարը նշեց, որ հայերը շատ իրազեկ են եւ այնպիսի գիտելիքների են տիրապետում, որոնց կարիքը Բրազիլիայում կա: «Պետք է խրախուսել հայ եւ բրազիլացի ներդրողներին: Բրազիլիան տնտեսական առումով զարգանում է. չհաշված վերջին երեք տարիների դժվարությունները, մենք այս տարի 1 տոկոս տնտեսական աճ ենք ակնկալում»,-ասաց Ֆերեյրան:

Բրազիլիայի եւ Հայաստանի միջև առկա են մինչ օրս ստորագրված տասը փաստաթուղթ, որոնցից յոթը ստորագրվել են վերջին երկու տարվա ընթացքում։ Երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի փետրվարի 17-ին: 1998 թվականի մարտից Սան Պաուլոյում գործում է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Բրազիլիայում գործում են Հայաստանի, իսկ Հայաստանում՝ Բրազիլիայի դեսպանատներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում