Թուրքիայի ՆԳՆ-ն պատրիարքի ընտրության հարցով հայտարարություն կանի. Շիրինօղլուն հայտնել է հանդիպման մանրամասները

Թուրքիայի ՆԳՆ-ն պատրիարքի ընտրության հարցով հայտարարություն կանի. Շիրինօղլուն հայտնել է հանդիպման մանրամասները

Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտնել է մի շարք մանրամասներ նոյեմբերի 15-ին Անկարայում փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուի և նախագահ Էրդողանի որոշ խորհրդականների հետ հանդիպման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Շիրինօղլուն հայտնել է, որ Անկարա գնալու պատճառը Չավուշօղլուին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորելն է եղել (խմբ.- Հաքան Չավուշօղլուն փոխվարչապետի պաշտոնին է նշանակվել 2017 թվականի հուլիսի 19-ին):

Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ ցանկություն է ունեցել հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, սակայն հանդիպումը չի կայացել, քանի որ նախագահը գտնվել է Կատարում:

«Խնդրեցի, որպեսզի շուտափույթ կերպով որոշում կայացվի պատրիարքական ընտրության վերաբերյալ, սակայն Չավուշօղլուն հայտնեց, որ պատրիարքի ընտրության հարցով զբաղվում է ներքին գործերի նախարարությունը: Նաև տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս նախարարությունն այս հարցով հանդես կգա հայտարարությամբ»,– ասել է Շիրինօղլուն:

Չավուշօղլուի հետ հանդիպմանը հաջորդել է հանդիպումն Էրդողանի խորհրդականների հետ: Նա հայտնել է, որ այդ հանդիպման ժամանակ որևէ քննարկում հայ համայնքի վերաբերյալ չի եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում