ՀՀ ԱԳ նախարարը և Նիդերլանդների Սենատի նախագահը կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը

ՀՀ ԱԳ նախարարը և Նիդերլանդների Սենատի նախագահը կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 17-ին հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Նիդերլանդների Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Կնոլի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ քառորդդարյա դիվանագիտական հարաբերությունների պատմության ընթացքում սա Նիդերլանդների խորհրդարանի ղեկավարի առաջին այցն է Հայաստան, և հույս հայտնեց, որ այն նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին։

Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը նշեց, որ մեծ հաճույքով է այցելում Երևան ու կարևորեց Հայաստանի դերակատարությունը որպես կամուրջ Արևելքի եւ Արևմուտքի միջև:

Զրուցակիցները բարձր գնահատեցին խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական համագործակցության և մարդկանց միջև շփումների խթնաման գործում։

Էդվարդ Նալբանդյանը և Անկի Բրուկերս-Կնոլը կարևորեցին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղիների շուրջ: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակությամբ հիշատակեց, որ ԵՄ երկրների շարքում Նիդերլանդները հանդիսանում է Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերներից մեկը։

Էդվարդ Նալբանդյանը և Անկի Բրուկերս-Կնոլը մտքեր փոխանակեցին հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։

ԱԳ նախարարն ու Սենատի նախագահն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի:

Էդվարդ Նալբանդյանը Նիդեռլանդների Սենատի ղեկավարին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը։ Զրուցակիցները համակարծիք էին, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորմանն այլընտրանք չկա»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում