«Հրապարակ». Վարչապետի խորհրդականն անձնական կայք ու աշխատակազմ ունի

«Հրապարակ». Վարչապետի խորհրդականն անձնական կայք ու աշխատակազմ ունի

«Հրապարակ»-ը գրել է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հասարակական հիմունքներով խորհրդականներից մեկը՝ Մհեր Տերտերյանը, անձնական կայք ունի, որը զետեղված է կառավարության պաշտոնական կայքի՝ Տերտերյանի կենսագրությանն ու աշխատանքային գործունեությանը վերաբերող բաժնում:

«Կայք մուտք գործելիս ձեզ է դիմավորում Տերտերյանը՝ ռուսերենով գրված իր բարեմաղթանքով (կայքը ռուսալեզու է, ունի նաև հայերեն և անգլերեն տարբերակներ, ավելին՝ ՀՀ զինանշանով է):

«Հարգելի հայրենակիցներ, Հայաստանը հիասքանչ երկիր է՝ հարուստ հազարամյա պատմությամբ և հրաշալի մարդկանցով, որը հիմա գտնվում է զարգացման կարևորագույն փուլում։ Իր ամբողջ տնտեսական, մշակութային և մարդկային ներուժը մեր երկիրը կբացահայտի արդեն մոտ ապագայում: …2017 թվականի հունվարի 11-ին ես արժանացա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ստանձնած ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնին։ Պատրաստ եմ անել հնարավորինս, որպեսզի արդարացնեմ այդ հույսերը։ Ինձ համար մեծ պատիվ է և հնարավորություն՝ օգտագործել իմ գիտելիքները, փորձը և ներուժը մեր հայրենիքի բարգավաճման համար»,- բառացի ասված է Տերտերյանի ողջույնի խոսքի հայերեն տարբերակում: Վարչապետի խորհրդականը, պարզվում է, իր հերթին ունի իր աշխատակազմը՝ բաղկացած առայժմ երեք հոգուց՝ Աիդա Այվազյան, Սոֆիա Կարապետյան, Մարատ Օգանեզով (նրանց տվյալները նույնպես զետեղված են վերոհիշյալ կայքում): Ավելին՝ յոթ թափուր տեղ կա խորհրդականի աշխատակազմում՝ էքսպերտ-սոցիոլոգի, էքսպերտ-իրավաբան կոնսուլտանտի, էքսպերտ-PR-ի գծով (ժուռնալիստ), էքսպերտ-մարկետոլոգի, էքսպերտ-տնտեսագետի, ռազմական էքսպերտի և տուրիզմի գծով էքսպերտի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում