ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում շատ բան կախված է նրանից, թե ՀՀ-ն ինչպես կիրագործի գործընկերության պայմանագրի կետերը

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում շատ բան կախված է նրանից, թե ՀՀ-ն ինչպես կիրագործի գործընկերության պայմանագրի կետերը

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում շատ բան կախված է նրանից, թե ինչ չափով, ինչ մակարդակով և ինչ որակով Հայաստանը կիրագործի ԵՄ հետ ստորագրվելիք համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Կարևոր է նաև այն, թե ՀՀ-ն որքանով կկարողանա թուլացնել իր կախվածությունը Ռուսաստանից: Այսինքն՝ վիզաների ազատականացումը մեծամասամբ Հայաստանից է կախված, ԵՄ-ն հստակ ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է:

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) քաղաքական փորձագետ Էդգար Վարդանյանը:

Նշենք, որ Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրամիության կառավարությանն ու Արտաքին գործերի նախարարությանը երկխոսություն սկսել Հայաստանի հետ՝ վիզաների ազատականացման շուրջ։ «Հայաստանի հետ բանակցությունները՝ համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի շուրջ, ավարտվել են, ինչը հաջող օրինակ է, թե ինչպես կարող են Եվրասիական միությանն անդամակցությունը և մասնակցությունը Եվրամիության հարևանության ծրագրերին համատեղվել: Հաշվի առնելով այդ առաջընթացը՝ եվրոպացի պատգամավորները հորդորում են Հայաստանի հետ ևս առանց վիզաների ռեժիմ սահմանել»,- ասվում է հայտարարությունում:

Ըստ Էդգար Վարդանյանի՝ այս հայտարարությունով Եվրամիությունը Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու հստակ պատրաստակամություն է ցույց տալիս:

«Հայաստանի իշխանությունների կողմից վերջին շրջանում հաճախ է ասվում, որ եվրոպացիների պատճառով 2013 թ. չստորագրվեց Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը: Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Եվրամիությունը միշտ պատրաստ է եղել և հիմա էլ պատրաստ է խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները: Անկախ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունից, ԵՄ-ում կա կամք, պատրաստակամություն, ցանկություն հարաբերությունների խորացման»,- նշեց քաղաքագետը:

Էդգար Վարդանյանի համոզմամբ՝ Հայաստանն այդքան էլ շահագրգռված չէ ԵՄ-ի հետ լուրջ, խորքային հարաբերություններ ունենալու հարցում: Սա է փաստում նաև այն հանգամանքը, որ Հայաստանն անընդհատ ԵՄ հետ համաձայնագրի չստորագրելու մեղքը բարդում է ԵՄ-ի վրա: Հայաստանի՝ շահագրգռվածություն չունենալու հիմնական խոչընդոտը, ըստ նրա՝ Մոսկվայից կախված լինելն է:

«Մոսկվան մշտապես սահմանափակելու է Հայաստանի եվրաինտեգրման խորացման գործընթացները, բայց իհարկե, դա ինչ-որ չափով հնարավոր լինելու է: Ինչ-որ չափ է, օրինակ՝ ներկայիս համաձայնագիրը: Դա այն չափն է, որն ընդունելի է Կրեմլի համար, բայց դրանից ավելի հարաբերությունների խորացումն արդեն կանհանգստացնի նրան»,- նկատեց նա:

Այս ամենից բացի, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում շատ բան կախված է նրանից, թե ինչ չափով, ինչ մակարդակով և ինչ որակով Հայաստանը կիրագործի ԵՄ-ի հետ ստորագրվելիք գործընկերության պայմանագիրը:

«Մյուս կողմից էլ Հայաստանը հասկանում է, որ իրական ժողովրդավարացման ուղի պետք է բռնի, եթե ցանկանում է ԵՄ-ի հետ ավելի խորացնել իր հարաբերությունները: Վիզաների վերացման խնդիրը մեծապես կախած է նրանից, թե Հայաստանը, ըստ այդ համաձայնագրի՝ որքանով պատրաստ կլինի լուրջ քայլեր կատարել բարեփոխումների ճանապարհին: Եթե լուրջ առաջընթաց գրանցվի, ԵՄ-ն արդեն ցույց է տվել, որ նա պատրաստակամ է այս հարցը լուծել»,- նշեց քաղաքագետը:

Էդգար Վարդանյանի խոսքով՝ Եվրամիության համար կարևոր է տեսնել, թե Հայաստանը ժողովրդավարացման ուղի բռնելու հստակ, իրական քայլեր իրականացնելո՞ւ է, թե իմիտացիա է անելու: Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի իշխանություններն այս պահին ժողովրդավարացման իրական կամք չունեն:

«Հասկանալի է, որ վիզաների ազատականացումը տարիների գործընթաց է, ինչպես եղավ Վրաստանում, Ուկրաինայում: Չի բացառվում, որ կարող է նաև արագացված տեմպերով իրավիճակը զարգանալ, բայց դա արդեն կախված կլինի նրանից, թե Հայաստանը որքանով կկարողանա թուլացնել իր կախվածությունը Ռուսաստանից»,- ասաց նա:

Այս բոլոր գործոնները հաշվի առնելով՝ Էդգար Վարդանյանը նշում է, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հավանականությունը 50:50 է, բայց մեծամասամբ դրա կյանքի կոչումը Հայաստանից է կախված:

Նրա կարծիքով՝ վիզաների ազատականացումը նաև կարող է բերել արտագաղթի նոր ալիքի, և այս առումով էլ Հայաստանը պետք է ցույց տա, թե ինչպես է հաղթահարելու այս խնդիրը:

«Հաշվի առնելով Վրաստանի փորձը՝ Հայաստանը նաև պետք է ցույց տա, թե ինչպես է հաղթահարելու արտագաղթի խնդիրը: Վրաստանի դեպքում, օրինակ, շատ շատերը օգտվելով առիթից, իբրև թե տուրիստական նկատառումներից ելնելով, գնում են Եվրամիության երկրներ և չեն վերադառնում»,- ընդգծեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում