Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Կանադա

Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Կանադա

Կանադա աշխատանքային այցի վերջին օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Մոնրեալի ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան» վարժարանում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարին վարժարանում դիմավորել են սաները՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանով շապիկներով և կարդացել հայ զինվորին հասցեագրված իրենց պատրաստած նամակը։ Վարժարանի դահլիճում սաները նաև փոքրիկ համերգային ծրագիր են ներկայացրել հյուրերին։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Վիգեն Սարգսյանը նշել է, որ այլ երկրներ այցերի ընթացքում մշտապես կարևորել է հանդիպումները հայկական դպրոցներում, քանի որ առանց դպրոցների անհնար է պահպանել հայկական ինքնությունը։

«Մեր երկիրը սահմանափակ տարածքով և ոչ շատ մեծ բնակչությամբ երկիր է։ Բայց մեր ժողովուրդը անհամեմատ մեծ ժառանգության կրող է։ Մեր պայքարը, մեր գոյության իմաստավորումը չի կարող սահմանափակվել երկրի տարածքով, սահմաններով, կամ բնակչությամբ։ Մենք կրողն ենք այն ժառանգության, որի կերտողները երազել են պետականության մասին։ Այսօր, երբ մենք ունենք պետություն, պետք է անենք հնարավորը, որպեսզի Հայաստանը, սփյուռքն ու Արցախը միասնական կարողանան կյանքի կոչել մեր դարավոր իղձերը»,- նշել է Հայաստանի պաշտպանության նախարարը։

Հայկական պատվիրակությունն այնուհետև հյուրընկալվել է ՀՅԴ «Սուրբ Հակոբ» դպրոցում, շրջայց կատարել դպրոցի տարածքով։ Վիգեն Սարգսյանը գրառում է կատարել դպրոցի պատվավոր հյուրերի գրքում։

Այցի ավարտին հայկական պատվիրակությունը Մոնրեալում հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում