Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց փաստաթուղթ, որով Սումգայիթի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչեց

Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց փաստաթուղթ, որով Սումգայիթի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչեց

Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը 1988թ. Սումգայիթում հայերի կոտորածներն Ազգային ժողովի կողմից որպես ցեղասպանություն որակելու անհրաժեշտություն է տեսնում: Նոյեմբերի 18-ին կայացած ասուլիսում Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ Սումգայիթի կոտորածների 30-ամյա տարելիցը կարող է լավ առիթ լինել, որպեսզի Հայաստանի Ազգային ժողովն ընդունի փաստաթուղթ, որն առնվազն կհաստատի այն որոշումները, որոնք ընդունել է Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը: «Իսկ 1988թ. Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց փաստաթուղթ, որով Սումգայիթի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչեց: Նորանկախ Հայաստանը նման որևէ որոշում կամ փաստաթուղթ դեռևս չունի: Բայց արդեն ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես նման փաստաթուղթ ունենա»,- ընդգծեց Ալավերդյանը:

Նա հավելեց, որ Հայաստանի կառավարությունը պետք է հատուկ կարգավիճակ տա այն ընտանիքներին, ում ծնողները կամ երեխաները այդ տարիներին սպանվել են Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում: «Ես սա ամեն տարի ասում եմ, տարիներ շարունակ նամակներ եմ գրել: Եթե մենք ինքներս չենք ցանկանում այդ վայրագություններին զոհ գնացած անձանց ընտանիքներին տալ համապատասխան կարգավիճակ, այդ դեպքում ի՞նչ ենք մենք դրսից սպասում»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը:

Նա ակադեմիական շրջանակներին կոչ արեց աշխատել այդ ուղղությամբ, սակայն հավելեց, որ շատ ավելի տեղին կլինի, եթե Հայաստանի կառավարությունը այդ վայրագություններին զոհ գնացած անձանց ընտանիքներին տա ցեղասպանությանը զոհ գնացած ընտանիքների անդամների կարգավիճակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում