Սահմանամերձ Բերդավանում հիմնվել է «Խաղաղության պուրակը»

Սահմանամերձ Բերդավանում հիմնվել է «Խաղաղության պուրակը»

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում նոյեմբերի 18-ին կայացել է ծառատունկ. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան տանող ճանապարհի եզրերին, Բերդավանի մատուռի եւ Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողի շրջակայքում հիմնվել է «Խաղաղության պուրակը»: Ծառատունկը կազմակերպվել է խոշորացված Նոյեմբերյան համայնքի եւ ՀՀ բնապահպանության նախարարության «Զիկատար» բնապահպանական կենտրոնի կողմից, ինչը բնության հատուկ պահպանվող տարածք-համայնք` հանուն շրջակա միջավայրի բարելավման արդյունավետ համագործակցության օրինակ է: «Զիկատար» բնապահպանական կենտրոնի կողմից տրամադրվել էր հիմալայան մայրու, կեչու, լորենու, հացենու բարձրորակ տնկիներ: «Զիկատարը» մասնագիտական աջակցություն կցուցաբերի տնկիների խնամքի գործում: Ծառատունկը կայացել է «Մեկ ընտանիք, մեկ ծառ» կարգախոսով:

Յուրաքանչյուր մասնակից, ծառ տնկելով, արմատների հետ հողում թղթին գրված իր ցանկությունն էր զետեղում՝ ցանկանալով,որ այդ իղձն իրականանա:

Ծառատունկին մասնակցում էին Բերդավան գյուղի բնակիչներ, խոշորացված Նոյեմբերյան համայնքի և Զիկատարի աշխատակիցներ, Նոյեմբերյանի սահմանագոտին պաշտպանող զորամասի զինծառայողներ: Ծառատունկի կազմակերպմանը աջակցություն էր ցուցաբերել ռուսաստանաբնակ բերդավանցի Արթուր Զուրաբյանը: Ծառատունկի մասնակիցների համար հյուրասիրություն էր կազմակերպվել: Երեւանից ժամանած ազգագրական համույթը հանդես եկավ երգ ու պարով՝ բերդավանցիներին համակելով ուրախությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում