Հայաստանը միջազգային հանրությանը տեղյակ է պահել, որ ընտրել է «և-և»-ի քաղաքականությունը. Վահրամ Բաղդասարյան

Հայաստանը միջազգային հանրությանը տեղյակ է պահել, որ ընտրել է «և-և»-ի քաղաքականությունը. Վահրամ Բաղդասարյան

Հայաստանը, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միևնույն ժամանակ միջազգային հանրությանը հայտնել է, որ ընտրել է «և-և»-ի քաղաքականությունը և շարունակելու է համագործակցությունն այլ միությունների և երկրների հետ: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Եվրոպական Միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին, որի ստորագրումն ակնկալվում է նոյեմբերի 24-ին ԵՄ ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում:

«Մենք, գնալով այս համաձայնագրի ստորագրմանը, որևէ գաղտնի քայլ չենք անում: Երբ մենք միանում էինք Եվրասիական տնտեսական միությանը, հայտարարել ենք, որ դա չի նշանակում, որ չենք շարունակելու սերտ համագործակցությունը Եվրոպական Միության հետ»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանը միջազգային հանրությանը տեղյակ է պահել, որ ընտրել է «և-և»-ի քաղաքականությունը և պետք է շարունակի համագործակցությունը և Եվրասիական տնտեսական միության, և Եվրոպական Միության և բոլոր այն երկրների հետ, որոնց հետ համագործակցության եզրեր կգտնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում