Վահրամ Բաղդասարյանը Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չի տեսնում

Վահրամ Բաղդասարյանը Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չի տեսնում

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Վանաձորի ավագանին լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չի տեսնում: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց, որ ժամանակից առաջ չի ցանկանում ընկնել, սակայն հավելեց, որ արտահերթ ընտրությունների համար հիմքեր չի տեսնում:

«Վանաձորի ավագանու նիստերն անցկացվել են «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքին համապատասխան: Հիմա Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ օրենքի որոշ դրույթներ հակասել են Սահմանադրությանը և մինչև մարտի 31-ը դրանք պետք է համապատասխանեցվեն մայր օրենքին»,– նշեց Բաղդասարյանը:

Դիտարկմանը, թե «Ելք» խմբակցությունը պատրաստվում է Վանաձորի ավագանին լուծարելու հարցով դիմել կառավարություն, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ դա նրա իրավունքն է: ՀՀԿ խմբակցության ղեկավարը ևս մեկ անգամ նշեց, որ Վանաձորի ավագանու նիստերն օրինական են եղել, քանի որ գումարվել են «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքին համապատասխան:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությանը դիմելու է կառավարություն Վանաձորի ավագանին լուծարելու հարցով: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Սահմանադրական դատարանի նոյեմբերի 10-ի որոշումն արձանագրեց, որ Վանաձորի ավագանու նիստերը դե յուրե հակասել են Սահամնադրությանը, իսկ օրենքը հստակ սահմանում է, որ այն ավագանին, որը 6 ամիս շարունակ նիստեր չի գումարել, պետք է լուծարվի»,- նշեց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ դիմելու են կառավարություն, որպեսզի կյանքի կոչվի Սահմանադրական դատարանի որոշումը, և Վանաձորի ավագանին ժամանակից շուտ լուծարվի, ու նշանակվեն արտահերթ ընտրություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում