Պաշտպանության ոլորտի հատկացումների 17 տոկոսանոց աճը կուղղվի խաղաղության ու ներդրումների ապահովմանը

Պաշտպանության ոլորտի հատկացումների 17 տոկոսանոց աճը կուղղվի խաղաղության ու ներդրումների ապահովմանը

Պաշտպանության ոլորտին հատկացվող միջոցների ավելացումը 2018 թվականի պետական բյուջեում` ուղղված է ապահովելու բնակչության անվտանգությունն ու ներդրումների աճը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա դիտարկմամբ, եթե պաշտպանության ոլորտին 2016-ին հատկացվել է 225 միլիարդ դրամ, 2017-ին` 209 միլիարդ, ապա 2018-ին նախատեսվում է 246,8 միլիարդ դրամի ներդրում: Հատկացումների աճը 2017-ի նկատմամբ 17 տոկոս կկազմի: «Աճը պայմանավորված է երկու հանգամանքով: Եթե մենք փորձում ենք ներդրումներ ապահովել, ինչը մեր տնտեսական աճի հիմնական խթանիչն է լինելու, ապա ներդրողը պետք է ապահովված լինի հնարավոր նեգատիվ զարգացումներից, իսկ պաշտպանության ոլորտում ոչ բարվոք վիճակը ներդրողների համար չափազանց վտանգավոր է: Միաժամանակ մենք ունենք չկարգավորված խնդիր, և այս հատկացումներով ապահովելու ենք մեր ազգաբնակչության խաղաղ կենսագործունեությունը, մեր զինվորների խաղաղ ծառայությունը»,-ասաց Գագիկ Մինասյանը:

2017-ի համեմատ հաջորդ տարվա պետական բյուջեի աճը շուրջ 100 միլիարդ դրամ է, որը, բացի պաշտպանության ոլորտից, կուղղվի նաև տնտեսական հատվածին, մասնավորապես, գյուղատնտեսությանը, ճանապարհների կառուցմանն ու ոռոգման համակարգին:

Պատգամավորը նշեց, որ առաջիկա քառօրյայում, որը կմեկնարկի դեկտեմբերի 5-ին, քննարկման կդրվի կառավարության կողմից 2018 թվականի պետբյուջեի լրամշակված տարբերակը` հիմնված պատգամավորների առաջարկների վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում