Լավրովն անտեղյակ է ՄԽ համանախագահության ձևաչափի փոփոխության մասին խոսակցություններից

Լավրովն անտեղյակ է ՄԽ համանախագահության ձևաչափի փոփոխության մասին խոսակցություններից

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխության մասին առաջարկները կարող են օգտագործվել որպես «սփոյլերներ»: Այս մասին Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Կա համաձայնեցված ձևաչափ՝ երեք համանախագահները: Նրանք գոյություն ունեն ոչ թե վակուումում, այլ համանախագահում են միասին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում, որում ներգրավված են քիչ թե շատ հետաքրքրված և այդ գործընթացին ազդել կարողացող երկրները»,– ասել է Լավրովը:

Նա հայտարարել է, որ չի լսել խոսակցություններ գոյություն ունեցող ձևաչափն ինչ-որ կերպ փոխելու վերաբերյալ: «Կարծում եմ, որ նման իրադրությունում, ինչպես նաև շատ ուրիշ կոնֆլիկտային իրադրություններում ինչ-որ նոր բանի մասին առաջարկները կարող են գիտակցաբար կամ անգիտակցաբար օգտագործվել որպես սփոյլերներ նրա համար, ինչն արդեն արվում է կայացած և երկու կողմերի համար ընդունելի լինելու հանգամանքն ապացուցած ձևաչափում»,– նշել է ՌԴ արտգործնախարարը:

Իր հերթին Մամեդյարովն առաջարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ գոյություն ունեցող բոլոր գաղափարներն ամփոփել մեկ փաստաթղթում: «Հակամարտության կարգավորման շուրջ բոլոր գաղափարները սեղանին են: Անհրաժեշտ է դրանցից վերջնական փաստաթուղթ, որն ընդունելի կլինի բոլորի համար: Մենք բոլորս գիտենք որտեղ ենք գտնվում և ինչպես պետք է առաջ շարժվենք»,– Լավրովի հետ ասուլիսին հայտարարել է Մամեդյարովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում