Նալբանդյանն ընդունել է Անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Չինաստանի հանձնակատարին

Նալբանդյանն ընդունել է Անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Չինաստանի հանձնակատարին

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 20-ին ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ Անվտանգության և ահաբեկչության դեմ պայքար հարցերով հանձնակատար Չեն Գոպինի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի ու Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 25-րդ տարում գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Նա ընդգծեց, որ բարձրաստիճան հաճախակի փոխայցելությունները իրենց կարևոր նպաստն են բերում տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման և ընդլայնման գործում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար հանձնակատար Գոպինը ընդգծեց, որ Չինաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ բազմաբովանդակ համագործակացության զարգացումը և նպատակադրված է հավելյալ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մի շարք բնագավառներում հայ-չինական համագործակցությանը և դրանց ընդլայնման ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերին։

Հանդիպմանը կարևորվեց ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության միասնական ջանքերը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ Չեն Գոպինի այցելությունը նոր խթան կհաղորդի անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում հայ-չինական համագործակությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում