Վահրամ Բաղդասարյանը բյուջեի նախագծում կայուն տնտեսական աճի հիմքեր է տեսնում

Վահրամ Բաղդասարյանը բյուջեի նախագծում կայուն տնտեսական աճի հիմքեր է տեսնում

Հայաստանի 2018 թ. պետական բյուջեի նախագիծը ապագա տարիների համար տնտեսական կայուն աճի ապահովման հիմքեր ստեղծող ծրագիր է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Նախորդ կառավարություններն էլ իրենց ներկայացրած նախագծերում փորձել էին ապագայում տնտեսական կայուն աճի ապահովման հիմքեր դնել, սակայն իրացման հետ կապված խնդիրներ եղել են: Հիմա մենք գնահատականը տալիս ենք հիմքերին, քանի որ բավականին հեռանկարային հիմքեր են դրված ներկայացված նախագծում: Արդյունքների մասին կխոսենք մի փոքր ուշ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Բաղդասարյանը:

Վահրամ Բաղդասարյանը վստահեցրեց, որ կառավարության առաջին քննադատներից մեկը ինքը կլինի, եթե մեկ տարի հետո տեսնի, որ կանխատեսումները չեն իրականացվել: «Ամեն դեպքում, կառավարությունը ներկայացրել է ոչ թե ուռճացված, այլ իրատեսական բյուջեի նախագիծ, որում դրված են ապագայում կայուն տնտեսական աճի ապահովման հիմքեր և մոտեցումներ»,- նշեց պատգամավորը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընգծում է, որ հարկավոր է շատ զգույշ լինել մակրոտնտեսական ցուցանիշների դեպքում, քանի որ, եթե թեկուզ մեկ տարի մակրոտնտեսական ցուցանիշները իրատեսական չեն լինում, հաջորդ տարիներին դրա հետևանքները բացասական առումով զգացվում են: «Եթե նայեք, ներկայացված բյուջեի նախագծում մակրոտնտեսական ցուցանիշները իրատեսական են: Եթե այս հիմքերով մենք զարգացում չապահովենք, դրա գնահատականը նույնպես կտանք»,– ընդգծեց Բաղդասարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում