Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին

Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 20-ին հանդիպում ունեցավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայաստանի և ԺՀՄԻԳ-ի միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը: ԱԳ նախարարը գոհունակությամբ նշեց, որ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, ընտրական գործընթացների բարելավման, օրենքի գերակայության բնագավառում Հայաստանում տեղի ունեցող շարունակական առաջընթացի գործում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կարևոր գործընկեր է հանդիսանում: Այս առումով նա ընդգծեց Հայաստան-ԺՀՄԻԳ համագործակցությունը ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների շրջանակում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԺՀՄԻԳ տնօրենը պատրաստակամություն հայտնեց շարունակել ձևավորված սերտ փոխգործակցության ավանդույթը:

ԺՀՄԻԳ տնօրենը կարևորեց Հայաստանի ներդրումը այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարի միջազգային ջանքերում, այս առումով բարձր գնահատելով Հայաստանի կողմից ԵԱՀԿ ավստրիական նախագահության ու ԺՀՄԻԳ-ի համատեղ կազմակերպած «Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի անդամների դեմ ատելության շարժառիթով հանցագործությունների կանխարգելումը և հակազդումը. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» խորագրով ԵԱՀԿ խորհրդաժողովի հյուրընկալումը: Ինգիբյորգ Գիսլադոտիրը կարևորեց նաև խորհրդաժողովին նախորդող երկու օրերի ընթացքում Երևանում նույն հարցերին նվիրված՝ քաղաքացիական հասարակության մասնակցությամբ ԺՀՄԻԳ սեմինարի անցկացումը:

Երկուստեք նշվեց, որ Ինգիբյորգ Գիսլադոտիրի առաջին այցը Հայաստան ԺՀՄԻԳ տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո լավ հնարավորություն է ընձեռում մտքեր փոխանակել Հայաստան-ԺՀՄԻԳ համագործակցության հարցերի շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ԺՀՄԻԳ գործունեության, ԵԱՀԿ մասնակից երկրների միջև համագործակցության հարցերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում