Հայաստանի պետական պարտքի տոկոսաչափը 2018-ին նվազելու է ՀՆԱ-ի առաջանցիկ աճով. Գագիկ Մինասյան

Հայաստանի պետական պարտքի տոկոսաչափը 2018-ին նվազելու է ՀՆԱ-ի առաջանցիկ աճով. Գագիկ Մինասյան

Հայաստանի պետական պարտքի չափը պետության համար միջին ու նվազ բեռի սահմանում է: Նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Կա յոթ չափանիշ, թե արդյոք երկրի պետական պարտքը ծանր, միջին, թե նվազ բեռ է այդ պետության համար: Մեր պետական պարտքը բոլոր այդ ցուցանիշներով միջին ու նվազ բեռ ունեցող չափորոշիչների սահմաններում է»,-ասաց պատգամավորը: Նրա խոսքով` Հայաստանի պետական պարտքի տոկոսաչափը 2018-ին նվազելու է ընթացիկ տարվա համեմատ, ինչը պայմանավորված է ՀՆԱ-ի առաջանցիկ աճով: «Եթե այս տարվա համար նախատեսել էինք 3.4 տոկոս, ունենք 4.3 տոկոս, եկող տարվա համար էլ ավելի բարձր տոկոս ենք նախատեսում` 4.5: Եթե պարտք/ՀՆԱ հարաբերակցության մեջ հայտարարը մեծանում է, իսկ պարտքի չափն ավելի պակաս է աճում, կոտորակն ավելի փոքր է ստացվում»,-ասաց Գագիկ Մինասյանը:

Ըստ Մինասյանի, արտաքին պարտքի ներգրավումը տնտեսության զարգացման համար դրական գործոն է, բայց խնդիրը տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանում, այն է, որ մեծանում է ուշադրությունն այդ միջոցների արդյունավետ օգտագործման վրա: «Մենք մոտեցել ենք այն իրավիճակին, որ մեր բյուջեն պետք է 100 տոկոսով ծրագրային լինի: Այս առումով ցանկացած պարտք, որ ներգրավում ենք, պետք է բյուջեի մաս լինի: Բացի ֆինանսական չափորոշիչներից պետք է ունենանք նաև ոչ ֆինասնական չափորոշիչներ` քանակական, որակական, ժամկետային: Սա ենթադրում է, որ բյուջեի ծրագրման ժամանակ հստակ հասկանում եք, թե ինչ նպատակների պետք է հասնենք բյուջեի կատարման ընթացքում, որի հիման վրա էլ որոշում եք ֆինանսական ռեսուրսներն ուղարկել այդ, թե մեկ այլ ոլորտ»,-նշեց պատգամավորը: Մինասյանի դիտարկմամբ` բացի այդ` ծրագրային բյուջետավորումը բյուջեի վերահսկողության մեծ լծակներ է տալիս, ընդհուպ` ընթացքում ուղղումների կատարում: «Տարվա ընթացքում կարող եք տեսնել` թիրախները, որ դրել եք ծրագրավորման ընթացքում, կատարվում են, թե ոչ ու մինչև տարվա վերջ էլ կարող եք ուղղումներ կատարել: Ինչպես նաև հաշվետվությունը ընդունելու ժամանակ կարող եք գնահատել կառավարության գործունեությունը»,-ավելացրեց Գագիկ Մինասյանը:

Նա նշեց, որ ներկայում չկա որևէ խոչընդոտ, որ 2019-ին Հայաստանը 100 տոկոսով անցնի ծրագրային բյուջետավորման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում