Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքար է բացվել

Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքար է բացվել

Գերմանիայի Քյոլն քաղաքում նոյեմբերի 18-ին տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ տեղադրվեց խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Խաչքարն օծվեց Գերմանիայի Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդական փոխանորդ Սերովբե վարդապետ Իսախանյանի ձեռամբ: Խաչքարը կանգնեցվել է Պետերբուրգից հայ բարերար Հրաչյա Պողոսյանի միջոցներով: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Խաչքարի օծումից հետո բազմաթիվ ներկաներ մեկնեցին Քյոլնի Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցի` հիշատակի միջոցառմանը մասնակցելու նպատակով:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Քյոլնի հայ համայնքի ղեկավար Մինու Նիկբայը: Ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, Քյոլնի քաղաքապետի տեղակալ Էլֆի Շո-Անդվերպեսը, Քյոլնի ՔԴՄ խմբակցության ղեկավար Բեռնդ Պետելքաուն և Հյուսիսային Հռենոս և Վեստֆալիա երկրամասի պատգամավոր Բերիվան Այմազը:

Ելույթ ունեցողները կարևորեցին խաչքարի տեղադրումը և նշեցին, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը Գերմանիայի հիշողության քաղաքականության մաս է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում