Հերմինե Նաղդալյանն անձամբ կվճարի ծառայողական բջջային հեռախոսի խոշոր չափի պարտքը

Հերմինե Նաղդալյանն անձամբ կվճարի ծառայողական բջջային հեռախոսի խոշոր չափի պարտքը

ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչությունում ուսումնասիրվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ծառայողական բջջային հեռախոսահամարի 2017թ-ի մայիս ամսվա վարձավճարին առնչվող խնդիրները, որի ընթացքում Նաղդալյանի համաձայնությամբ ուսումնասիրվել են նաեւ հեռախոսազանգերի վերծանումները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուսումնասիրությամբ պարզվել , որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանին հատկացված բջջային հեռախոսահամարի 2017թ-ի մայիսին սպառված ծառայությունների արժեքը կազմել է 1.382.470 ՀՀ դրամ, որից շուրջ 1.170.000 ՀՀ դրամն առաջացել է 2017թ-ի մայիսի վերջին 4 օրերին` ռոումինգում ինտերնետ ծառայության սպառման հետեւանքով:

«2017թ-ի մայիսին Հերմինե Նաղդալյանը հանդիսանում էր ՀՀ ԱԺ փոխնախագահ եւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար: Պարզվել է նաեւ, որ 2017թ-ի հունիսի սկզբին նկատելով Հերմինե Նաղդալյանի ծառայողական հեռախոսահամարի աննախադեպ խոշոր գումարի վարձը՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության համապատասխան աշխատակիցը դիմել է «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությանը եւ ստացել հեռախոսահամարի զանգերի վերծանումները, որոնց ուսումնասիրությամբ գործերի կառավարչության աշխատակիցը ենթադրել է, որ հիշատակված 4 օրերին կուտակված խոշոր գումարն առաջացել է տեխնիկական պատճառներով: Խնդիրն ուսումնասիրելու եւ լուծելու խնդրանքով գործերի կառավարչության աշխատողը հեռախոսազանգով դիմել է «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության աշխատողին:

Այնուհետեւ «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության կողմից ներկայացվել է 2017թ-ի մայիսին մատուցված ծառայությունների հաշիվը եւ գործերի կառավարչության աշխատողը, տեսնելով, որ այն կիսով չափ պակաս է, եզրակացրել է, որ ընկերությունն ուսումնասիրել է խնդիրը, որի արդյունքում վճարի կեսը «զիջել» է: Սակայն, ինչպես պարզվել է ուսումնասիրությամբ, «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությունը ծառայության դիմաց վարձավճարը չի «զիջել», այլ ներկայացրել եւ ստացել է ոչ թե միանգամից (մեկ հաշվով), այլ հաջորդող երկու ամիսների ընթացքում:

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն ի պատասխան լրագրողների հարցերին հայտնել է գործերի կառավարչությունից դեռեւս 2017թ-ի հունիսի սկզբին ստացված տեղեկությունը, որի առնչությամբ հայցում ենք հանրության ներողամտությունը:

Վերոգրյալից ելնելով՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ ձեռք է բերվել համաձայնություն այն մասին, որ հատկացված ծառայողական բջջային հեռախոսահամարը փոխանցվում է իրեն, ինչն էլ նշանակում է, որ այսուհետ ծախսերը վճարելու է անձամբ, սեփական միջոցների հաշվին»,- նշվում է ԱԺ ներկայացրած պարզաբանման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում