Բակո Սահակյանը մասնակցել է Ալֆորվիլ-Բերձոր բարեկամության հռչակագրի ստորագրմանը

Բակո Սահակյանը մասնակցել է Ալֆորվիլ-Բերձոր բարեկամության հռչակագրի ստորագրմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին ժամանել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաք եւ մասնակցել Ալֆորվիլի ու Բերձորի միջեւ բարեկամության հռչակագրի ստորագրման հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իր խոսքում Նախագահ Սահակյանը բարեկամության հռչակագրի ստորագրումը որակել է որպես Արցախի համար նշանակալի իրադարձություն քաղաքական, իրավական ու բարոյական տեսանկյուններից, ինչը, առաջին հերթին, բարեկամ երկրի՝ Ֆրանսիայի հետ կապերի ամրապնդման եւ զարգացման կարեւոր հիմքերից է:

«Ֆրանսիայի եւ նրա վարչական շրջանների հետ փոխգործակցությունը մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է, եւ քույր քաղաքների ցանկի ու աշխարհագրության ընդլայնումը, նրանց հետ կապերի խորացումը այս քաղաքականության առանցքային բաղադրամասերից է»,– իր ելույթում ընդգծել է երկրի ղեկավարը:

Նախագահի խոսքով՝ Ալֆորվիլ քաղաքի հետ փոխգործակցության ընթացքում արդեն իսկ արձանագրվել են հիշատակման արժանի դրվագներ, եւ այս համատեքստում Բակո Սահակյանը նշել է 2016 թվականի սեպտեմբերին քաղաքապետ Լյուկ Կարվունասի գլխավորած պատվիրակության այցն Արցախ եւ Ապրիլյան պատերազմի օրերին Ալֆորվիլում տեղի ունեցած բազմամարդ ցույցը՝ ի սատարումն Արցախի ու ընդդեմ ադրբեջանական բռնությունների: Արցախի Հանրապետության Նախագահը նշեց, որ այս ամենը ողջ աշխարհին ցույց տվեց ագրեսիայի անընդունելի լինելը քաղաքակիրթ հանրության համար:

«Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր Արցախի հետ են, ովքեր պայքարում են հանուն ազատության եւ հավասարության, մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության: Դա խիզախ եւ ընդօրինակման արժանի պահվածք է»,- շեշտել է Նախագահ Սահակյանը:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ալֆորվիլի եւ Բերձորի համագործակցությունն ունի խոստումնալից հեռանկարներ աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ուժերով հաջողվելու է կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում