Դժվար է ամբողջ փաթեթից առանձնացնել կարգավորման մեկ կամ երկու տարր ու փորձել համաձայնության հասնել. Լավրովը` ԼՂ հակամարտության մասին

Դժվար է ամբողջ փաթեթից առանձնացնել կարգավորման մեկ կամ երկու տարր ու փորձել համաձայնության հասնել. Լավրովը` ԼՂ հակամարտության մասին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարրերն ամփոփված են մեկ փաթեթում, և շատ դժվար է վերցնել դրանցից մեկը, երկուսը կամ երեքը և փորձել համաձայնության հասնել դրանց շուրջ: Երևանում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո կայացած ասուլիսում այս մասին ասաց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ես արդեն Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ նշեցի, որ բոլոր տարրերն առկա են այս խնդրի լուծման համար: Դրանք ամփոփված են փաստաթղթում, որոնք սկսած 2007 թ., հանձնվել են ԵԱՀԿ ընդհանուր քարտուղարին: Դրանք ամրագրված են որպես համանախագահողների առաջարկներ և ամբողջությամբ մնում են սեղանի վրա: Այս տարրերը ձևավորվել են մեկ փաթեթի մեջ, և շատ դժվար է վերցնել դրանցից մեկը, երկուսը կամ երեքը և ասել` եկեք սրանց շուրջ համաձայնության հասնենք, որովհետև դրանց հավասարակշռող տարրերն այդ պարագայում դուրս կմնան, և չի լինի այն արդյունքը, որին մենք ձգտում ենք»,- ընդգծեց Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը դրական համարեց այն, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Ժնևում կայացած հանդիպումից հետո դրական են արտահայտվել: «Շատ կարևոր է, որ այդ դրական վերաբերմունքը մեզ օգնի առաջ գնալ կարգավորման հարցում: Համանախագահները դրանով զբաղվում են, բոլորովին վերջերս Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները երեք համանախագահների հետ հանդիպում ունեցան, մենք այժմ կվերլուծենք մեր ամերիկյան և ֆրանսիական գործընկերների հետ, թե ուր ենք հասել, կփորձենք ակտիվ ջանքեր գործադրել պայմաններ ստեղծել կարգավորման հասնելու համար: Սակայն ես չափազանց լավատեսություն չեմ հայտնի, սա դժվար խնդիր է, և մեր բանակցությունների փորձը գալիս է ապացուցելու, որ դրանք արագ չեն ավարտվի»,- եզրափակեց ՌԴ ԱԳ նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում