«Խելացի քաղաքի» ստեղծման վերաբերյալ հայեցակարգ է մշակվել

«Խելացի քաղաքի» ստեղծման վերաբերյալ հայեցակարգ է մշակվել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը «Խելացի քաղաքի» ստեղծման վերաբերյալ հայեցակարգ է մշակել՝ նպատակ ունենալով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ բարձրացնել քաղաքային բնակչության կենսամակարդակը: Նախագիծը նախատեսում է նաև բարձրացնել քաղաքացիական հասարակության զարգացվածության մակարդակը, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ նրանց մասնակից դարձնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին:

Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին առաջարկվելու է «Խելացի քաղաքի» ծրագրերի իրականացման ժամանակ առաջնորդվել հայեցակարգում սահմանված մոտեցումներով:

«Խելացի քաղաք»-ում կիրառվելու են ժամանակակից տեխնոլոգիական մոտեցումներ քաղաքացիների և քաղաքի հյուրերի անվտանգ և հարմարավետ կյանքը ապահովելու համար:

Ինչպես նշված է նախագծում, Հայաստանի քաղաքներում դեռևս լիարժեք թվայնացված չեն ենթակառուցվածքները և ծառայությունները. «Այդ պատճառով կներդրվեն էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային ծառայություններից օգտվելու հնարավորություններ, ինչպես նաև կմշակվի համալիր ծրագիր, որը կդյուրացնի էլեկտրոնային համակարգերի միջոցով մատուցվող ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը»:

Ըստ նախագծի` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, տեղեկատվական հասարակության կայացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման ներկա և ապագա մարտահրավերների տեսանկյունից պահանջվում են նոր մոտեցումներ, մեխանիզմներ, հմտությունների համախումբ և կարողություններ, որոնք կբավարարեն աճող բնակչության կարիքները և պահանջները:

«Հայեցակարգով առաջարկվում է մշակել ծրագրեր, որոնց իրականացման արդյունքում տրանսպորտային համակարգերը կթվայնացվեն և հասանելի կլինեն բնակչությանը, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ յուրաքանչյուր բնակիչ, անկախ սոցիալական դիրքից, մասնակից կլինի քաղաքի խնդիրների լուծման գործընթացին, ինչպես նաև մշակել ծրագրեր, որոնց ռեսուրսների կառավարման գործընթացը կլինի բաց ու թափանցիկ, բնակչության բոլոր շերտերի համար հասանելի»,- ասված է նախագծում:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ձևավորված է 866 գյուղական համայնք, 49 քաղաքային համայնք և 12 վարչական շրջան: Հայաստանի Հանրապետությունում քաղաքաբնակ 1919,62 հազար բնակչից 1066,3 հազարն ապրում է միայն Երևան քաղաքում, իսկ 853,32 հազարը՝ մնացած 48 քաղաքներում (յուրաքանչյուր քաղաքում՝ միջինը 18 հազար բնակիչ):

ՄԱԿ-ի հաշվարկների համաձայն՝ աշխարհի բնակչության 50 տոկոսից ավելին բնակվում է քաղաքներում, և ուրբանիզացիան ընթանում է աննախադեպ տեմպերով: Գալիք 20 տարում աշխարհի բնակչությունը կավելանա ևս 2 միլիարդով:

Սպասվում է, որ 2030 թվականին բնակչության մոտ 60%-ը բնակվելու է քաղաքներում՝ հիմնականում կենտրոնացվելով զարգացող աշխարհի քաղաքային կոնգլոմերատներում և մեգաքաղաքներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում