Վանաձորի ավագանու արտահերթ նիստում Արկադի Փելեշյանն ընտրվեց քաղաքապետի առաջին տեղակալ

Վանաձորի ավագանու արտահերթ նիստում Արկադի Փելեշյանն ընտրվեց քաղաքապետի առաջին տեղակալ

Վանաձորի ավագանու արտահերթ նիստում «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանն ընտրվեց Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ:

Արկադի Փելեշյանին Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ ընտրելու հարցին կողմ քվեարկեց ավագանու անդամների մեծամասնությունը:

Հարցը քվեարկության դնելուց առաջ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ելույթ ունեցավ, որում ընդգծեց, որ ինքը սոցիալական ցանցերով տեղեկատվություն-ուղերձ է տարածել, որպեսզի Վանաձորի ավագանիում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը մասնակցային կառավարման սկզբունքով մասնակցեն Վանաձորի ավագանու նիստերին: «Ես նշեմ նաև, որ Սահմանադրական դատարանի նոյեմբերի 10-ի որոշումը մեզ լիարժեք թույլ էր տալիս մինչև մարտի 31-ն առաջնորդվել նախկին օրենսդրությամբ, որն այժմ էլ գործում է, որովհետև Սահմանադրական դատարանը չի կարող որևէ օրենք շուրջ 6 ամիս իրավական վակուումի մեջ թողնել: Բայց մենք ճիշտ գտանք, որ ավելի լավ կլինի համագործակցության համար ևս մեկ անգամ դիմենք ավագանու մեր գործընկերներին:Մենք պատրաստ էինք կնքել համաձայնագիր այն քաղաքական ուժի հետ, որը կարձագանքեր մեր առաջարկին»,- ընդգծեց Ասլանյանը:

Նա հավելեց, որ իր և «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավարի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արձագանքի համար, որովհետև ես իմ նախորդ բոլոր հրապարակային ելույթներում միշտ ասել եմ, որ մենք պատրաստ ենք ցանկացած առողջ համագործակցության: Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը դրական տեղաշարժ է բերելու Վանաձորի համար»,- ասաց Մամիկոն Ասլանյանը:

Նա շեշտեց, որ իրենց ջանքերը երբեք միտված չեն եղել որևէ պաշտոն ամեն գնով պահելուն, այլ միայն Վանաձորի զարգացմանը: «Ես կարծում եմ, որ մեր հետագա համագործակցությունը նոր դրական լիցքեր կբերի: Ես և պարոն Փելեշյանը կնքել ենք համաձայնագիր, որ Վանաձոր քաղաքի ավագանու շրջանակում մենք համագործակցելու ենք: Սա երբեք չի նշանակում քաղաքական լայն համագործակցություն կուսակցական առումով: Սա քաղաքապետի և պարոն Փելեշյանի գլխավորած կառույցի միջև համագործակցության հուշագիր է, որը մենք անվերապահորեն պահելու ենք»,- մանրամասնեց Վանաձորի քաղաքապետը:

Մամիկոն Ասլանյանը նաև հայտնեց, որ Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ Արտյոմ Գրիգորյանը ցուցաբերել է քաղաքական մշակույթի բարձր աստիճան և համաձայնել է զիջել իր պաշտոնը` համաձայնագրի շրջանակում այդ պաշտոնում Արկադի Փելեշյանի թեկնածությունն առաջադրելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում